ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՎՐԱՅ ԵՒ ԲՂԱՒՈՒՄ.– «ՀԱՅ ԵՆՔ ՍՊԱՆԵԼ»...


«Տպաւորութիւն է ստեղծւում, որ հայերն ու ադրբեջանցիները ոչ թէ «տեղեկատւական պատերազմ» են վարում, այլ խաղում են մանկական դպրոց-դպրոց խաղը, ընդ որում՝ Հայաստանը ուսուցչի դերում, Ադրբեջանը` աշակերտի, որի սխալները միշտ ստիպւած է ուղղել ուսուցիչը»:




Երէկ ադրբեջանական լրատւական դաշտը ցնծում էր. «Ադրբեջանցի դիպուկահարը Ֆիզուլիի շրջանում մէկ կրակոցով գետնին է հաւասարեցրել սահմանախախտ հային», «բղաւում էին» գրեթէ բոլոր ադրբեջանական կայքերը: Նրանք գրում էին, թէ իբր պարզւում է զոհի ինքնութիւնը, ադրբեջանցիներին նոյնիսկ յայտնի չէր՝ զոհը սովորական քաղաքացի է, թէ՞ զինւորական: Ընդ որում, երբ մանրամասնութիւնները պարզելու համար ադրբեջանական կայքերը դիմել են Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեանը, պատասխան չեն ստացել. նախարարութիւնը թերեւս հրաժարւել է այդ աստիճան ստել:
Այնինչ ԼՂՀ պաշտպանութեան բանակի մամլոյ ծառայութիւնից տեղեկացնում են, որ վերոյիշեալ դէպքի իրականութիւնը հետեւեալն է. «Յունւարի 20-ին Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հարաւ–արեւելեան հատւածում` Ֆիզուլու ուղղութեամբ տեղակայւած հակառակորդի դիրքերից մէկում, առաւօտեան ժամը 10-ի մօտակայքում միջ–անձնային ոչ կանոնադրական փոխյարաբերութիւնների հողի վրայ տեղի է ունեցել միջադէպ, որը նկատել եւ արձանագրել են Հայ դիրքապահները:
Վերջիններիս հաւաստմամբ՝ դէպքը տեղի է ունեցել ադրբեջանական յենակէտին մերձակայ բաց տարածքում, որի ժամանակ 7 ասկեարների (ազերի զիւորների) միջեւ ծագած վէճը վերածւել է ծեծկռտուքի, այնուհետեւ լսւել են փոխհրաձգութեան ձայներ... Քիչ անց դէպքի վայր է հասել շտապ օգնութեան մի մեքենայ եւ իսկոյն հեռացել: Ըստ հաստատւած տեղեկութեան` շտապ օգնութեան մեքենայով տեղափոխել են միջադէպից տուժած մահամերձ ասկեարի»:
Վերջ, ահա եւ իրական պատկերը: Ադրբեջանցիները պէտք է ընդամենը խիզախութիւն ունենային այս մասին խօսելու, ինչպէս նաեւ այն մասին, որ իրենց ազգային բանակում բազմաթիւ են դասալիքները, յանցագործութիւնները, սննդային թունաւորումները: Մինչդեռ տպաւորութիւն է ստեղծւում, որ հայերն ու ադրբեջանցիները ոչ թէ «տեղեկատւական պատերազմ» են վարում, այլ խաղում են մանկական դպրոց-դպրոց խաղը, ընդ որում՝ Հայաստանը ուսուցչի դերում, Ադրբեջանը` աշակերտի, որի սխալները միշտ ստիպւած է ուղղել ուսուցիչը:

«ԱԶԳ»

0 Պատգամ: