ԱՄՆ-Ի ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԿՈՆԳՐԷՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԽԱԲԷՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
«Ադամ Շիֆֆը, Հովարդ Բերմանը եւ Նենսի Փելոսին դաժանօրէն խաբում են ԱՄՆ-ի Հայ համայնքին, իսկ նա թոյլ է տալիս այդ;
Մենք հաւատում ենք նրանց, երբ նրանք հանդիսաւոր կերպով յայտարարում են Հայոց Ցեղասպանութեան բանաձեւին իրենց աջակցութեան մասին: Սակայն, նրանք բանաձեւը երբէք չեն դնի քւէարկութեանը ԱՄՆ Կոնգրէսում», - ասւում է Armenian Life Magazine-ում (ALM) հրատարակւած յօդւածում:
Ամսագրի կարծիքով դա սովորական խարդախութիւն է, որով կոնգրէսականները փորձում են շեղել համայնքի ուշադրութիւնը Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից: «Մեզ խաբում են բաւականին երկար ժամանակ, եւ եթէ մենք ճիշտ չենք, ապա կոնգրէսականները պէտք է հակառակը ապացուցեն: Եթէ այս տարի էլ չընդունւի այդ բանաձեւը, ապա մենք պէտք է վերջ դնենք այդ ամէնին եւ առաջ շարժւենք», - ընդգծում է ALM:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւը ներկայացւել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրէսում 2007թ. Յունւարի 31-ին Կալիֆորնիայից ընտրւած դեմոկրատ-կոնգրէսական Ադամ Շիֆի կողմից:
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի յանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դէմ» ձայների յարաբերակցութեամբ հաւանութիւն տւեց թիւ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետօ դրեց Պալատում եւ Սէնատում կայանալիք ամբողջական քւէարկութեան վրայ: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացւեց Կոնգրէսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիւ 252 բանաձեւն արդէն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացւել նաեւ Սէնատում:
Հայոց Ցեղասպանութիւնը, որն իրագործւել է Օսմանեան կայսրութիւնում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանութիւնն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանութեան ժամանակ ոչնչացւեց վեց հայկական վիլայէթների բնակչութիւնը` շուրջ 1,5 միլիոն Հայ: Եւս կէս միլիոնը սփռւեց աշխարհով մէկ` սկիզբ դնելով հայկական Սփիւռքին: Դեռեւս Ցեղասպանութեան իրագործման տարիներին` 1915-23թթ. տէրութիւնները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր:
ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանեան կայրսւթեան գործողութիւնները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդէս եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը: Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչւել եւ դատապարտւել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպութիւնների կողմից: Պաշտօնապաէս առաջինը Հայոց Ցեղասպանութիւնն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.:
Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել են նաեւ Եւրոպայի Խորհուրդը, Եւրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականութեան կասեցման եւ փոքրամասնութիւնների պաշտպանութեան կանխարգելման ենթայանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական յանցագործութիւնների գծով յանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Հայերի ոչնչացումը պաշտօնապէս ցեղասպանութիւն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շւէդիան, Նիդերլանդները, Շւէյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Յունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետութիւնը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Աւստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները: Բելգիայում եւ Շւէդիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտման համար քրէական պատասխանատւութիւն է սահմանւած (45 հազար եւրօ տուգանքից մինչեւ 1 տարւայ ազատազրկում):
2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց Ցեղասպանութեան ժխտումը կը քրէականացւի, ինչպէս Հոլոքոսթը: Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան համար: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականութիւն:
Թուրքական պետութեան գործողութիւնները ներկայացւում են որպէս «բռնագաղթ»` հայերի անվտանգութիւնն ապահովելու նպատակով: Հայոց Ցեղասպանութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին խօսում են միայն առանձին թուրք մտաւորականներ, որոնց թւում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելեան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
«ՊԱՆԱՐՄԷՆԻԱՆ»
0 Պատգամ:
Post a Comment