105 Տարւայ Յիշողութիւններ. Հայ-թրքական Յարաբերութիւնները` Ցեղասպանութիւնը
Վերապրածի Աչքերով

«Մեզ ընչի՞ էին ջարդում, որովհետև ասում էին` ով մի Հայ սպանի, Աստծոյ արքայութեանն է արժանանալու: Ես ոնց կուզեմ, որ սահմանը բացւի»,- ըմբոստանում է Մարին:

Նազիկ Արմենակեան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Գայանե Մկրտչեան
105-ամեայ Մարի Վարդանեանն օրն անց է կացնում է` բազմոցի վրայ ծալապատիկ նստած: Կողքին ռադիոընդունիչն է և Աստւածաշունչը: Յատուկ ականջակալներ ունի, որով ամէն օր լսում է «Ազատութիւն» ռադիոկայանի լուրերը:
«Դէ, մենք գնում ենք աշխատանքի, ու մայրս ամբողջ օրը մենակ է մնում: Մի քանի տարի առաջ գրքեր էր շատ կարդում, հիմա տեսողութիւնը վատացել է, ու աւելի շատ ականջակալներով լուրեր է լսում»,- ասում է տղան`Արմէն Վարդանեանը:
105-ամեայ կինը ուշադիր նայում է իրեն այցելած հիւրերին: Յատկապէս հետևում է շրթունքների շարժումներին: Տղան ասում է, որ փորձում է այդպէս հասկանալ դիմացինի խօսքը:
Մէկ դարից աւելի ապրած կինը սկսում է խօսել: Ցամաքած աչքերը կենդանանում են, երբ խօսում է իր ծննդավայրի`Մալաթիայի մասին: Յուզմունքից ձայնը թրթռում է, բայց շարունակում է:
«Ես Մազմանեան Գէորգ էֆենդիի թոռն եմ: Նա աշխատել է թուրքական կառավարութիւնում`որպէս գանձապետ: Պապիս ջարդից դեռ օրեր առաջ էին թուրքերը սպանել: Յիշում եմ` ինչպէս առաւօտեան ձին պապիս դիակը տուն բերեց»,- պատմում է Մարի Վարդանեանը:
Մի պահ յիշողութիւնները խառնւում են իրար: Նա սկսում է պատմել, թէ ինչ գեղեցիկ էր իրենց քաղաքը:
«Մալաթիան երազի էր նման: Այն յայտնի էր պարտէզներով ու այգիներով: Մինչև հիմա յիշում եմ մեր երկյարկանի տունը իր լայն պատշգամբներով,- պատմում է Մարին: - Յիշում եմ ամէն փողոց ու թաղ»:
Այսօր Մալաթիան գտնւում է Թուրքիայում: Ժամանակին եղել է Արևմտեան Հայաստանի խոշոր քաղաքներից մէկը: Մինչ 1915 թ. հայկական ջարդերը այստեղ բնակւել է շուրջ 20 հազար Հայ: Հայերի զանգւածային ջարդերի ժամանակ Մալաթիայում աւելի քան 7500 Հայ է զոհւել: Ողջ մնացածները տեղահանւել են ու ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում:
«Մեզ`տատիս, մօրս և ինձ, յաջողւեց կենդանի մնալ մեր թուրք բարեկամների շնորհիւ, որոնք մեզ թաքցրին իրենց տանը,- պատմում է Մարին: - Այդ օրերին հրաման կար` ում տանը մի հայ գտնւի, նրան իր դռան վրայ կախաղան հանեն, ու չնայած այդ սարսափին`մարդիկ մեզ թաքցնում էին»:
Գաղթ, ջարդ, կոտորած ու դաժանութիւն տեսած տատի աչքերը ցաւից փոքրացել են: Արցունքները խառնւում են թափանցիկ մաշկի տակից երևացող երակներին, երբ յիշում է`ինչպէս էին գաղթի ճանապարհին մարդկանց սպանում, ինչպէս էին Մալաթիայի յայտնի «Ալմալօղլու բախչան» (խնձորի այգի) դարձրել հայերի գերեզմանոցը:
«Բողոքականներին ու կաթոլիկներին չսպանելու հրաման կար: Մայրս ներկայացավ որպէս բողոքական: Նրան ազատ արձակեցին: Յետոյ մենք, վախն ու սարսափը մեր սրտում, Մալաթիայում մնացինք մինչև 1937 թ., որից յետոյ տեղափոխւեցինք Հալէպ»,- ասում է Մարին:
Նա յիշում է Հալէպի քաղաքային տրանսպորտում փակցւած գրութիւնները. «Թուրքերէն չխօսե´ս, յիշի´ր մէկ ու կէս միլիոն զոհերին»:
1946 թ. բազմաթիւ հայերի հետ Մարին հայրենադարձւում է մայր հայրենիք և հաստատւում Երևանի Մալաթիա թաղամասում: Այստեղ Հին Մալաթիայից գաղթած հայերը հաստատւել էին դեռևս 1925 թ.-ից` հիմնելով Մալաթիա թաղամասը:
Չնայած պատկառելի տարիքին`Մարին ռադիոյով հետևում է լուրերին և տեղեակ է Հայ-թրքական արձանագրութիւնների ու սահմանի բացման մասին: Նրան դուր չեն գալիս Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման օգտին հնչած լուրերը: Նա ընդդիմանում է Թուրքիայի հետ բարեկամանալու փորձերին:
Նա սուր է արտայայտւում Հայաստանի արևմտեան հարևանների մասին և ասում, որ Հայաստանը չպէտք է շտապի Թուրքիային ողջունելու հարցում:
«Թող հլը ճանաչեն ցեղասպանութիւնը»,- ասում է Մարին:
Եղեռնը վերապրած կինը չի հաւատում, որ սահմանի բացումը «կը բարձրացնի Հայաստանի կենսամակարդակը, կը նպաստի երկրի տնտեսութեան զարգացմանը»:
«Սկզբում լաւ կըլնի, բա յետոյ՞: Մեզ ընչի՞ էին ջարդում, որովհետև ասում էին` ով մի Հայ սպանի, Աստծոյ արքայութեանն է արժանանալու: Ես ոնց կուզեմ, որ սահմանը բացւի»,- ըմբոստանում է Մարին:
Մէկ դարից աւելի ապրած Մարի Վարդանեանը սեփական մաշկի վրայ է զգացել թուրքական եաթաղանի դաժանութիւնը: Տարիները չեն մաշել մանկութեան տարիներին տեսած ահն ու սարսափը:
«Շան երես տենալ չեմ ուզում: Սոխ ու ցամաք հաց կուտեմ, միս էլ չեմ ուտի, մենակ թէ շան երեսը էլ չտեսնեմ: Դուք չէք տեսել, դուք չգիտէք` էդ ինչ է»,-ասում է նա:



«ԱՐՄԵԱՆԵԱՆ ՆԱՕ»

0 Պատգամ: