ԱԳՆ: Չավուշողլուի յայտարարութիւնները հարցեր եւ մտահոգութիւններ են առաջացնում նրա հետագայ գործունէութեան վերաբերեալ
20:02 / 27.01.2010
ԵԽԽՎ նախագահի պաշտօնում Մովլութ Չավուշողլուի ընտրւելու մասին որոշման թանաքը դեռ չչորացած, նա կողմնակալ յայտարարութիւններով է հանդէս գալիս` չարաշահելով եւ իր նեղ նպատակներին ծառայեցնելով ԵԽԽՎ նախագահի հեղինակաւոր պաշտօնը:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ նորընտիր նախագահի Ղարաբաղեան հիմնախնդրի եւ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ յայտարարութիւնները:
«Հիասթափութիւն է առաջացնում այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարող կուսակցութեան բարձրաստիճան ներկայացուցիչը անգիտակցաբար կամ հէնց գիտակցաբար այդ կարգի յայտարարութիւններով վնաս է հասցնում Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացին, ինչը յարիր չէ ԵԽԽՎ նման հեղինակաւոր կառոյցի ղեկավարին, որի թիւ մէկ խնդիրը եւ առաքելութիւնն է կազմակերպութեան անդամ երկրների միջեւ տարաձայնութիւնների վերացումը», — նշեց Բալայեանը.
«Ինչ վերաբերում է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը Ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման հետ կապակցելու ապարդիւն փորձերին, ապա դրանք վաղուց սպառել են իրենց եւ միջազգային հանրութիւնը դրանց գնահատականը արդէն տւել է: Պարոն Չավուշողլուի յայտարարութիւնները մի շարք հարցեր եւ մտահոգութիւններ են առաջացնում ԵԽԽՎ նախագահի պաշտօնին նրա հետագայ գործունէութեան վերաբերեալ», — ընդգծեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: