ԻՆՉ ՉՈՐՈՇՒԵՑ ՍՈՉԻՈՒՄ, ՈՐՈՇՒԱԾ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Այո, ԼՂՀ-ն պնդել է եւ շարունակում է պնդել իր պարտադիր վերադարձը բանակցութիւնների սեղանի մօտ, քանի որ անտրամաբանականութիւն եւ նոյնիսկ անհեթեթութիւն է տեսնում այն բանում, որ առանց իր ուղղակի մասնակցութեան իր իսկ ապագայի հարցն է քննարկւում։
Երկուշաբթի օրը Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդութեամբ անցկացւեցին նոր տարում առաջին բանակցութիւնները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ։ Ինչպէս եւ սպասւում էր, Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում ճեղքում տեղի չունեցաւ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը բանակցութիւնների գլխաւոր հանրագումար է անւանել կողմերի համաձայնութիւնը՝ գրաւոր ձեւակերպել հակամարտութեան լուծման վիճելի սկզբունքների իրենց ձեւակերպումները։
Նա նշել է, որ կողմերը «փաստաթղթի ներածականի ընդհանուր ըմբռնում են գտնում», որում պարունակւում են հիմնախնդրի լուծման սկզբունքները, բայց ըստ այդմ հրաժարւել է բացել փաստաթղթի մանրամասները, քանի որ դա մնում է որպէս բանակցութիւնների առարկայ։ Նախարարի ընդհանուր, դիւանագիտօրէն սքողւած եւ կոնկրետութիւնից զուրկ ձեւակերպումները վկայում են, թերեւս, այն մասին, որ առայժմ հակամարտութեան փոխադարձաբար ընդունելի լուծում չկայ։ Որպէս հետեւանք՝ չկայ եւ առաջադիմութիւն հիմնախնդրի լուծման գործում։
Սոչիի գագաթնաժողովի անարդիւնք լինելու մասին է խօսում նաեւ այն փաստը, որ նրա մասնակիցները հանդէս չեն եկել համատեղ յայտարարութեամբ, որում հռչակւած լինէին բանակցային գործընթացի զարգացման հեռանկարները որոշող ինչ-ինչ սկզբունքներ։ Թէեւ պէտք է խոստովանել, որ նման հռչակումները Ադրբեջանի մեղքով նոյնպէս արդէն քիչ նշանակութիւն ունեն։
Այսպէս, 2008 թւականի նոյեմբերին նախագահներ Մեդվեդեւը, Սարգսեանն ու Ալիեւը Մոսկւայում ունեցած հանդիպման արդիւնքներով ստորագրեցին ընդհանուր, այսպէս կոչւած՝ Մայնդորֆեան հռչակագիրը, որը վերլուծաբաններն անւանեցին ճեղքումային փաստաթուղթ։ Ինչը, սակայն, Ադրբեջանի ղեկավարին չխանգարեց գրեթէ մէկ ամիս անց հրաժարւել դրանից՝ վերստին խօսելով հակամարտութեան հնարաւոր ուժային լուծման մասին եւ վերահաստատելով իր համբաւը՝ որպէս բանակցութիւններում անյուսալի գործընկեր։
Այնինչ, Սոչիի բարձր մակարդակով հանդիպման վերաբերեալ անորոշ մեկնաբանութիւնները շաղախւած են կոնկրետութեան պահանջմունքով աչքի ընկնող մի տեղեկատւութեամբ։ Մամուլ է ներթափանցել մի հաղորդում, որում «բանակցային գործընթացին մօտ կանգնած բարձրաստիճան աղբիւրի» վկայակոչումով նշւել է, որ Լաւրովի կողմից յիշատակւած նախաբանում արձանագրւած է ազգերի ինքնորոշման իրաւունքի առաջնայնութիւնը, ինչպէս նաեւ բանակցութիւների յաջորդ փուլում ԼՂՀ-ի մասնակցութեան անհրաժեշտութիւնը։
Նշենք, որ տեղեկատւական արտահոսքերը դիւանագիտութեան պրակտիկայում նորութիւն չեն, եւ դրանք որոշակի նպատակներ են հետապնդում՝ կապւած, ասենք, այս կամ այն հրատապ հարցի վերաբերեալ հասարակական կարծիքը նախապէս շօշափելու հետ։ Թէ ում է պէտք եղել վերը յիշատակւած հաղորդագրութիւնը տեղեկատւական դաշտ նետելը՝ դժւար է ասել, ինչպէս որ դժւար է դրա հաւաստիութիւնը հաստատելը։ Սակայն այստեղ ուշադրութիւն է գրաւում հետեւեալ հանգամանքը, այն է՝ տւեալ նիւթի մատուցումը որպէս գաղտնիութեամբ քողարկւած ինչ-որ հետաքրքրութիւն գրգռող սենսացիա։
Բայց չէ որ ըստ էութեան նոր եւ առաւել եւս սենսացիոն ոչինչ չկայ տւեալ հաղորդագրութեան մէջ. բոլորին յայտնի «գաղտնիք»։ Եւ ահա թէ ինչու։ Բանն այն է, որ այդ երկու դրոյթներն էլ՝ ազգերի ինքնորոշման իրաւունքի առաջնայնութիւնը եւ բանակցութիւններին ԼՂՀ-ի մասնակցութեան անհրաժեշտութիւնը, վաղուց են հանդիսանում Ղարաբաղեան կողմի դիրքորոշման սկզբունքային բաղադրիչներ։ Եւ Լեռնային Ղարաբաղը երբէք դրանից գաղտնիք չի սարքել։ Ինչպէս եւ այն, որ իր ընտրած ուղուց չի շեղւի եւ ձգտելու է իր Դէ ՖԱԿՏՈ անկախութեան միջազգային իրաւաբանական ճանաչման՝ անկախ այն բանից՝ ինքը բանակցային գործընթացին մասնակցում է, թէ ոչ։
Այո, ԼՂՀ-ն պնդել է եւ շարունակում է պնդել իր պարտադիր վերադարձը բանակցութիւնների սեղանի մօտ, քանի որ անտրամաբանականութիւն եւ նոյնիսկ անհեթեթութիւն է տեսնում այն բանում, որ առանց իր ուղղակի մասնակցութեան իր իսկ ապագայի հարցն է քննարկւում։ Բայց նա գործընթացի մէջ իր վերադարձն է պահանջում ոչ նրա համար, որ սեփական քաղաքական կարգավիճակը քննարկի, առաւել եւս՝ Ադրբեջանի կազմում, ինչին որ Բաքուն է ձգտում։
ԼՂՀ-ի անկախութիւնը բանակցութիւնների առարկայ չէ, եւ առաւել եւս՝ սակարկութեան, բայց ահա Ադրբեջանի հետ յարաբերութիւներին վերաբերող միւս հարցերի քննարկումից Ղարաբաղը չի հրաժարւում։ Ներկայումս ոչ միջնորդները, ոչ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հնչեցրել Սոչիի բանակցութիւնների արդիւնքները։ Երեք նախագահների հանդիպումը սոսկ հերթական անգամ հաստատել է լուրջ տարաձայնութիւնների առկայութիւնը բանակցող կողմերի դիրքորոշումներում, տարաձայնութիւններ որոնք դեռեւս շուտ չեն լուծւելու։
Դատելով ըստ ամենայնի, Սոչիում չի յաջողւել որոշել կարգաւորման գործընթացի զարգացման վեկտորը։ Բայց այն, ինչ չի յաջողւել Սոչիում, արդէն յաջողւել է Ստեփանակերտում։ Քանզի կարգաւորման գործընթացը կարող է լինել ինչպիսին որ ասես, միայն թէ՝ Լեռնային Ղարաբաղի շահերին չհակասող։ Այս թեզիսը բազմիցս է հնչեցւել պաշտօնական Ստեփանակերտի կողմից, որի դիրքորոշումը, ի տարբերութիւն այլ երկրների, լիովին համընկնում է տւեալ հարցում ժողովրդական կամքի արտայայտութեան հետ։
Ստեփանակերտը չի կամենում եւ չի սպասելու իր ճակատագրի որոշմանը երրորդ կողմի պարտադրանքով՝ որտեղ էլ որ լինի՝ Մոսկւայում, Փարիզում թէ Սոչիում։ Ստեփանակերտն արդէն վաղուց է որոշել սեփական քաղաքական զարգացման առաջնայնութիւններն ու հեռանկարները։ Եւ դրանց էլ հետեւում է։ Բանակցային գործընթացներից անկախ։
Լեոնիդ Մարտիրոսեան
0 Պատգամ:
Post a Comment