ԱՄՆ-ի պետդեպարտամենտը դրական է գնահատում Հայաստանի ՍԴ-ի որոշումը


23.01.2010
Էմիլ Դանիէլեան
Միացեալ Նահանգների պետդեպարտամենտը դրական է գնահատում Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռը` Հայ-թրքական արձանագրութիւնները Հայաստանի սահմանադրութեանը չհակասելու մասին, չնայած ՍԴ-ի այդ որոշման շուրջ Թուրքիայի հնչեցրած դժգոհութիւններին։
«Մեր կարծիքով, դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների նորմալացման արձանագրութիւնների վաւերացման գործընթացն առաջ տանելու տեսակէտից», - պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի հարցին՝ ուրբաթ ուշ երեկոյեան ուղարկւած գրաւոր մեկնաբանութիւններում նշել է Միացեալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ - «Դատարանի վճիռը թոյլ է տալիս արձանագրութիւնները, այն տեսքով, ինչպէս դրանք եղել են բանակցութիւնների եւ ստորագրման պահին, տանել խորհրդարան` վաւերացման։ Որեւէ տպաւորութիւն չկայ, թէ դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ որ կերպ բնորոշում է արձանագրութիւնները»։
Միացեալ Նահանգների պետդեպարտամենտի այս արձագանքին նախորդել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի հեռախօսազրոյցը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Թուրքական «Անադոլու» լրատւական գործակալութեան փոխանցմամբ, Դաւութօղլուն ամերիկացի գործընկերոջը փոխանցել է Թուրքիայի մտահոգութիւնները Հայաստանի Սահմանադրական դատարանի վճռի կապակցութեամբ՝ նշելով, որ այն հակասում է «արձանագրութիւնների էութեանը եւ ոգուն»:
Ուրբաթ օրը, աւելի վաղ, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդէս էին եկել կոշտ յայտարարութիւններով։ Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը չէր բացառել, որ Հայ-թրքական կարգաւորման գործընթացը կարող է ձախողւել՝ դրանում մեղադրելով Թուրքիային եւ յոյս յայտնելով՝ «որ թուրքերը չեն փորձի արհեստական, յօրինւած պատրւակներ բերել որպէս պատճառ այս արձանագրութիւնները չվաւերացնելու համար»։
Ահմեդ Դաւութօղլուն, իր հերթին, վերստին պնդել էր պաշտօնական Անկարայի տեսակէտը, ըստ որի Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը «հակասում է արձանագրութիւնների տառին եւ ոգուն», եւ յայտարարել էր, թէ պատրաստւում է ԱՄՆ-ի եւ Շւէյցարիայի հետ քննարկել Թուրքիայի մտահոգութիւնները, եւ պահանջել ճնշում գործադրել Հայաստանի վրայ։
«Մեր դիրքորոշումը անփոփոխ է մնում։ Մենք աջակցում ենք յարաբերութիւնների նորմալացման գործընթացին, որը կարծում ենք, կօգնի Կովկասում խաղաղութեան ու կայունութեան հաստատմանը», - իր մեկնաբանութիւններում նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը՝ վստահութիւն յայտնելով, որ Թուրքիան եւ Հայաստանը «լրջօրէն են մօտենում իրենց պարտաւորութիւններին», եւ կոչ անելով «ողջամիտ ժամկէտում վաւերացնել արձանագրութիւնները»։
Հայաստանի Սահմանադրական դատարանը Յունւարի 12-ի որոշմամբ Սահմանադրութեանը չհակասող է ճանաչել 2009 թւականի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած Հայ - թրքական արձանագրութիւնները, սակայն միաժամանակ ընդգծել է, որ այդ փաստաթղթերի մեկնաբանութիւնը չի կարող հակասել Հայաստանի Անկախութեան հռչակագրին, որում ասւում է, որ Հայաստանի Հանրապետութիւնը հետամուտ է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին։ Բացի այդ, Սահմանադրական դատարանը շեշտել է, որ արձանագրութիւնները չեն առնչւում որեւէ երրորդ կողմի` հակառակ Հայ - թրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղեան կարգաւորման գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերի:


«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: