Եռակողմ հանդիպում՝ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարութեան վերաբերեալ

18:35 / 27.01.2010
Երեւանում Յունւարի 27-ին տեղի է ունեցել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան երկրորդ հանդիպումը:
Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյեանը NEWS.am-ին յայտնեց, որ հայկական կողմից աշխատանքային հանդիպմանը մասնակցել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարեանը, ռուսականից` ՌԴ տրանսպորտի նախարարութեան երկաթուղային տրանսպորտի պետական քաղաքականութեան դեպարտամենտի տնօրէն Սերգէյ Տուգարինովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերութեան ներկայացուցիչներ, իսկ իրանական կողմից՝ Իրանի Իսլամական հանրապետութեան ճանապարհների եւ տրանսպորտային հաղորդակցութեան փոխնախարար Մաջիդ Ասադին եւ պաշտօնատար այլ անձիք:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախորդ նիստից յետոյ կատարւած աշխատանքները: Հ.Բեգլարեանը տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկը երկաթուղու նախագծի տեխնիկատնտեսական հիմնաւորման աշխատանքների համար արդէն տրամադրել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, եւ ապրիլին կը յայտարարի այդ աշխատանքներն իրականացնող ընկերութեան ընտրութեան միջազգային մրցոյթ: Մրցոյթի արդիւնքների ամփոփումից յետոյ կսկսւեն տեխնիկատնտեսական հիմնաւորման աշխատանքները: Նշւել է նաեւ, որ աւստրիական ilF ընկերութիւնն արդէն կատարել է Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական ուսումնասիրման նախնական աշխատանքները:
Իրանի փոխնախարար Մ.Ասադին տեղեկացրել է, որ իրենք արդէն աւարտել են Իրան-Հայաստան երկաթգծի` Իրանի տարածքում մօտ 60 կմ կառուցւելիք հատւածի տեխնիկատնտեսական հիմնաւորման աշխատանքները: Ըստ Մ.Ասադիի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դէպքում, իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել իրանական հատւածը:
Աշխատանքային խմբի յաջորդ հանդիպումը կը կայանայ Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնաւորման աշխատանքների աւարտից յետոյ, Երեւանում:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: