Համագումարն իրոք «ջրբաժան էր»

«Այս համագումարում առանցքային էր երկուս ու կէս տարւայ ընթացքում բոլոր իրադարձութիւններին անդրադարձն ու սխալների վերլուծութիւնը»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը, խօսելով այն մասին, թէ ինչու՞ մինչև համագումարի բացւելն այն «ջրբաժան» է անւանւել:
«Այստեղ հնչել են նախորդ գործունէութեան գնահատականներ և ինքնաքննադատութիւն, երկրի արտաքին յարաբերութիւնների և ներքին խնդիրների վերլուծութիւն: Սա է պատճառը, որ համագումարը պէտք է «ջրբաժան» դառնար` անցեալի և ներկայի միջև, որպէսզի ապագայում մենք չկայացնենք սխալ որոշումներ, գործենք էլ աւելի արդիւնաւէտ»,- պարզաբանեց նա:
Խօսելով կուսակցութեան վարչութեան ցուցակի փոփոխութեան պատճառների մասին, Ս.Սաֆարեանն ասաց, որ «կոնկրէտ մարդկանց պարագաներում պատճառները տարբեր են»:
«Մենք ունենք վարչութեան անդամներ, որոնք արդէն մի քանի անգամ անընդմէջ ընտրւել են, և նրանց մօտ էլ արդեն կայ հոգնածութեան զգացողութիւն»,-յաւելեց նա, նշելով, որ պատգամաւորների պարագայում այդ պատճառները պարզապէս համատեղելիութեան դժւարութիւնից են բխում: Նա նաև վստահեցրեց, որ կուսակցութեան բոլոր անդամները լաւ ճանաչում են վարչութեան նոր կազմին և որևէ կասկած նրանց քաղաքական կողմնապահութեան մէջ չի եղել:
«Ժառանգութեան» ներկայացուցիչը նաև հաստատեց կուսակցութեան առաջնորդ Ր.Յովհաննիսեանի այն յայտարարութիւնը, թէ այն անդամները, որոնք կուզենան վերադառնալ կուսակցութիւն, կարող են դիմել նոր վարչութեանը: «Ովքեր կունենան դրա ցանկութիւնը, անշուշտ, կարող են դիմել, և վարչութիւնն ազատ կլինի քննարկելու նրանց անդամութեան վերականգնման հարցը»,- ասաց Ս.Սաֆարեանը:
Անդրադառնալով «Ժառանգութեանը» ԿԸՀ-ում և խորհրդարանում հասանելիք տեղերում նախկին կուսակցականների գտնւելուն, Ս.Սաֆարեանն ասաց, որ նպատակայարմար է տեսնում, որ նրանք վերադարձնեն այդ տեղերը կուսակցութեանը, մանաւանդ, որ ժամանակին իրենք էին կոչ անում կուսակցութեանը վայր դնել խորհդրարանական մանդատները:
«Իհարկէ, տարբեր մարմիններում կուսակցութիւնը պէտք է ներկայացնեն մարդիկ, ովքեր այդ կուսակցութեան հետ են: Վերջին հաշւով` ԿԸՀ-ում և այլ մարմիններում տեղերը «Ժառանգութեանն» են պատկանում»,- ընդգծեց նա:
10.07.2010, 16:03
Aysor.am

0 Պատգամ: