Իսպանիան հռչակւեց աշխարհի չեմպիոն
Եզրափակիչի հերոսն է Անդրէս Ինյեստան
Յուլիս 12, 2010 02:20
Աշխարհի առաջնութիւն. Եզրափակիչ. Հոլանդիա – Իսպանիա` 0:1 (լրացուցիչ ժամանակ)
11 Յուլիսի, Եոհաննեսբուրգ, Սոքեր Սիթի ստադիոն
Մրցավար` Հովարդ Ուեբ (Անգլիա)
Ինյեստա, 116 (0:1)
Իսպանիայի հաւաքականը նւաճեց աշխարհի գաւաթը: Հոլանդիան տանուլ տւեց երրորդ եզրափակիչը: Իսկ Իսպանիան առայժմ միակ փորձը պսակեց յաղթանակով: 116-րդ րոպէին Անդրէս Ինյեստան խփեց միակ ու յաղթական գնդակը:
Ոչ մի անգամ Հոլանդիայի եւ Իսպանիայի հաւաքականները աշխարհի կամ Եւրոպայի առաջնութիւնների եզրափակիչ մրցաշարերում իրար դէմ դուրս չէին եկել, եւ դա տեղի ունեցաւ հէնց եզրափակիչում: Հերթական անգամ աշխարհի առաջնութեան եզրափակիչում հիմնական ժամանակը թիմերին չբաւականացրեց, 90 րոպէում խփել չյաջողւեց: Առաջին խաղակէսում չափազանց լարւած պայքարի հետեւանքը եղաւ անհետաքրքիր ու կոպիտ խաղը: Ընդմիջումից յետոյ թիմերը սկսեցին աւելի բազմազան գործել, եւ 62-րդ րոպէին Հոլանդիան չիրացրեց գրեթէ հարիւրտոկոսանոց գօլային հնարաւորութիւնը: Սնեյդերը փայլուն փոխանցումով Կասիլեասի դէմ մէնմենակ դուրս բերեց Ռոբէնին, սակայն յաղթողը դարպասապահն էր: Իսկ եօթ րոպէ անց հաշիւը բացելու հրաշալի պահ բաց թողեց Վիլեան: Երեք մետրից նա չկարողացաւ գրաւել դարպասը: Հիմնական ժամանակի աւարտից եօթ րոպէ առաջ դարձեալ Ռոբէնը կենտրոնով շրջանցեց Պոյոլին ու Պիկեին, բայց Կասիլեասը երկրորդ անգամ յաղթող դուրս եկաւ:
Հիմնական ժամանակն աւարտւեց ոչ ոքի` 0:0 հաշւով: Լրացուցիչ ժամանակում բաց եւ արագ խաղ ծաւալւեց: Աւելի շատ պահեր ունէին իսպանացիները, իսկ ամենաիրականը` Նաւասը: Նա հարւածեց դարպասին եւ գնդակը պաշտպանի ոտքից յայտնւեց ցանցում, բայց դրսի կողմից: Վերջին տասը րոպէները Հոլանդիան անցկացրեց տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտը ստացաւ Հէյտինգան: Այդ առաւելութիւնը իսպանացիներն օգտագործեցին 116-րդ րոպէին: Մօտ 13 մետրից փայլուն հարւած կատարեց Անդրէս Ինյեստան: Գործը յետխաղեայ 11 մետրանոցներին չհասաւ: Իսպանիան աշխարհի նոր չեմպիոնն է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: