Աշխարհի առաջնութիւն.
Եզրափակիչ.
Հոլանդիա – Իսպանիա` անոնս
Այսօր, բոլորս ներքին դատարկութիւն կզգանք ու այդպէս կշարունակւի առնւազն մի քանի օր: Մէկ ամսւայ ամենօրեայ ֆուտբոլային վարակն այդքան շուտ չի նահանջի: Այսպէս լինում է չորս տարին մէկ անգամ: Վարակւում ենք սեփական կամքով, բայց բուժւում ենք ստիպւած ու շոկային թերապիայով: Սակայն նախքան այդ տանջանքը դեռ ունենք մէկ երեկոյ, որը երբեք չի մոռացւի. Տեսնողը հաստատ չի մոռանայ:
Անսովոր ու շատ սպասւած, տասնամեակներ սպասւած եզրափակիչ է լինելու: Հոլանդական ու իսպանական ֆուբոլի միլիոնաւոր երկրպագուներ այս օրւան սպասել են գրեթէ մէկ դար: Հոլանդական ու իսպանական ֆուտբոլն իր գեղեցկագոյն խաղով տասնամեակներ շարունակ աշխարհին ոճ է թելադրել ու միլիոնաւոր սրտեր նւաճել, բայց երբեք չի կարողացել աշխարհի գաւաթը նւաճել ու կանգնել բրազիլական, արգենտինական, գերմանական, իտալական, անգլիական, ֆրանսիական, նոյնիսկ ուրուգվայական ֆուտբոլի չեմպիոնական շարքում:
Այսօր ֆուտբոլային աշխարհում թարմութեան մի մեծ ալիք կանցնի: Մեծագոյն ցանկութիւն է, որ և Իսպանիան, և Հոլանդիան լինեն չեմպիոն, մեծագոյն ցանկութիւն է, որ թիմերն այնպիսի խաղ մատուցեն, որ վերջում միաբերան ասենք` երկուսն էլ արժանի էին այսօր բարձրացնել գաւաթը, լինեն բազմաթիւ գօլեր, լինի լրացուցիչ ժամանակ, ֆուտբոլային վիճակահանութիւն` հետխաղեայ 11 մետրանոցներն այնքան էլ ցանկալի չեն, բայց թէկուզ և դա, միայն թէ չլինի զգուշաւոր, պաշտպանական խաղ: Այս ամէնը երկրպագուի դիրքերից: Իսկ պրոֆեսիոնալների համար այսօր իհարկէ կարևորը գաւաթն է, թէկուզ մէկ գօլով, կամ մէկ վրիպման գնով:
Հոլանդիա – Իսպանիա` 23:30-ին (Թեհրան՝ 23):
Այսօր բուքմէյքերների գործակիցներն այնքան էլ տեղի չեն: Այսօրւայ եզրափակիչի նման խաղերում ֆավորիտ ասւածը չափազանց պայմանական է: Բայց դէ խաղադրոյքներ միևնոյնն է ընդունւում են. Հոլանդիայի յաղթանակ` 3.40, ոչ ոքի` 3.30, Իսպանիայի յաղթանակ` 2.10: Գաւաթը կնւաճի Հոլանդիան` 2.50: Գաւաթը կնւաճի Իսպանիան` 1.57:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: