Ադրբեջանցիները ԵԱՀԿ ԽՎ–ում յայտնւել
են ծիծաղելի վիճակում

17:12 • 14.07.10
Յուլիսի 6–10–ը Օսլոյում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 19–րդ նստաշրջանում ԵԱՀԿ ԽՎ–ում Հայաստանեան պատւիրակութեան առաջարկած բանաձևն ընդունւել է։
Ինչպէս Tert.am–ի հետ զրոյցում մանրամասնեց բանաձևի հեղինակ՝ Հայաստանեան պատւիրակութեան անդամ, ՀՀԿ–ական պատգամաւոր Արտակ Դաւթեանը, իր հեղինակած բանաձևը, որը կոչւում է «ԵԱՀԿ անդամ պետութիւնների պատասխանատւութիւնը համընդհանուր էներգետիկ անվտանգութեան ապահովման գործում», արժանացել է ադրբեջանցիների դժգոհութեանը, որոնք սկսել են բաւական ակտիւ ելոյթներ ունենալ։
Ըստ Դաւթեանի, բանաձևը որևէ երկրի դէմ ուղղւած չէ, և օրինակ, բանաձևի 4–րդ կէտում նշւած է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր չպէտք է օգտագործի էներգա–ռեսուրսները՝ որպէս իր քաղաքական նպատակներին հասնելու ճնշման գործիք կամ ճնշման միջոց։ Սա, Դաւթեանի խօսքով, ադրբեջանցիների կողմից արժանացաւ հակազդեցութեան։ «Բանաձևի մէկ այլ կէտի քննարկման ժամանակ ադրբեջանցիները յայտարարեցին, որ եթէ Հայաստանը ցանկանում է ստանալ ադրբեջանական էներգա–ռեսուրսներ, ապա նախևառաջ թող օկուպացւած տարածքներն ազատագրի, ինչը, ծիծաղելի էր»,– ասաց Արտակ Դաւթեանը՝ յաւելելով, որ ինքը հակադարձել է ադրբեջանցիներին՝ ասելով, որ եթէ վերջինները մտահոգւած էին այդ հարցով, կարող էին գրաւոր հարցում ներկայացնել և քննարկել հարցը։ «Այս բանաձևն ուղղւած է բոլորի էներգետիկ անվտանգութեանը և որևէ երկրի դէմ չէ»,– ասել է հայ պատւիրակը։ Դաւթեանի խօսքով, չնայած ադրբեջանցիների ընդվզմանը՝ իր առաջարկած բանաձևն ընդունւել է։
ԵԱՀԿ ԽՎ–ում Հայաստանեան պատւիրակութեան ներկայացուցչի խօսքով, ԵԱՀԿ հերթական վեհաժողովը նւիրւած է եղել «Կոռուպցիան և կազմակերպւած յանցագործութիւնը» թեմային, որը քննարկւել է երեք ասպեկտներով՝ քաղաքական հարցերի, տնտեսական և բնապահպանական խնդիրների, մարդու իրաւունքների ու ժողովրդավարական հաստատութիւնների տեսանկիւնից։Դաւթեանի ներկայացմամբ, տարատեսակ զեկոյցների և բանաձևերի քննարկման ժամանակ ադրբեջանցիները յայտնւել են ծիծաղելի վիճակում և նրանց առաջարկները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ պատւիրակների յստակ և կոշտ դիրքորոշմանը։
«Այդ բանաձևերի քննարկման ժամանակ Ադրբեջանը ներկայացրել էր մեծ թւով լրացումներ, բայց նրանց ներկայացրած լրացումների ճնշող մեծամասնութիւնն ուղղակի քւէարկութեամբ չանցան։ Նոյնիսկ եղան այնպիսի դէպքեր, որ նրանք հասկացան, որ այդ լրացումները պնդելով՝ իրենք ծիծաղելի վիճակում են յայտնւելու և նոյնիսկ հանում էին՝ ասելով՝ պէտք չէ քւէարկութեան դնել։ Նրանց առաջարկները յստակ և կոշտ դիրքորոշման էր արժանանում ԵԱՀԿ պատւիրակների կողմից, և նրանք մնում էին միայնակ։ Նոյնիսկ նրանց բարեկամ երկրները ադրբեջանցիներին չէին պաշտպանում»,– ներկայացրեց Դաւթեանը։
Tert.am

0 Պատգամ: