Ի՞նչ կասի Քլինթոնը Երեւանին, Բաքւին ու Թբիլիսիին
Յուլիս 02, 2010 11:32
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սկսել է իր 5-օրեայ շրջագայութիւնը Արեւելեան Եւրոպայի եւ Հարաւային Կովկասի երկրներ: Սպասւում է, որ այս այցելութիւնների շարքը ցոյց կտայ նախկին առաջին լեդիի դիւանագիտական հմտութիւնները: Այս մասին իր յօդւածում գրում է «Ազատութիւն» ռադիոկայանի վերլուծաբան Հիթեր Մայերը:

ԱԴՐԲԵՋԱՆ
Յուլիսի 3-ի երեկոյեան Հիլարի Քլինթոնը կը ժամանի Ադրբեջան: Դա կլինի ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցելութիւնը 1992-ից ի վեր, երբ այդ երկիր էր այցելել Ջէյմզ Բէյքերը: Այս այցելութիւնը կարելի է համարել որպէս լրջագոյն դիւանագիտական մարտահրաւէր: Ադրբեջանը տարանցիկ երկիր է ամերիկեան զօրքերի Աֆղանստան ուղարկելու ճանապարհին: Մի շարք տւեալներով, այդ մատակարարումների 25 տոկոսն անցնում է Ադրբեջանով: Երկարաժամկէտ հեռանկարում, հաշւի առնելով այն փաստը, որ ղըրղզական «Մանաս» ռազմակայանի ճակատագիրն անյայտ է այդ երկրում քաղաքական ցնցումների պատճառով, Ադրբեջանը կարող է էլ աւելի կարեւոր գործընկեր դառնալ ԱՄՆ-ի համար: Այս փաստի օգտին է խօսում նաեւ ԱՄՆ պաշտպանութեան նախարար Ռաբերտ Գէյթզի վերջերս Բաքու կատարած այցը:
Իր հերթին, Բաքուն ակնկալում է ԱՄՆ-ի օգնութիւնը ԼՂ խնդրի կարգաւորման հարցում: Սակայն, ԱՄՆ-ը լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ միջնորդ, չի կարող այդ հարցում պաշտպանել Բաքւի դիրքորոշումները:
Բացի այդ, Ադրբեջանը առանցքային խաղացող է տարածաշրջանի էներգետիկ քաղաքականութեան մէջ: ԱՄՆ-ը ցանկանում է, որպէսզի տարածաշրջանում նւազի Ռուսաստանի գերիշխող դերը եւ «Նաբուկո» գազատարի կառուցումը կարող է դրան հասնելու միջոցներից մէկը լինել:Սակայն ԱՄՆ-ը բարդ յարաբերութիւններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ապրիլին Ալիեւը չմասնակցեց ԱՄՆ-ում միջուկային անվտանգութեանը նւիրւած գագաթնաժողովին: Դիւանագէտների խօսքով, Վաշինգթոնում դժգոհ էին Հայ-թրքական գործընթացը խոչընդոտելու Ալիեւի ջանքերից:
Վաշինգթոնում Ալիեւին չեն համարում ժողովրդավարական արժէքների հետեւորդ: Այդ երկրում դեռեւս արգելւած է արտասահմանեան հեռուստաալիքների հեռարձակումը, իսկ մնացած մամուլը դեռեւս գտնւում է հզօր ճնշման տակ:
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում Քլինթոնը նախատեսում է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ու ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի, ինչպէս նաեւ ընդդիմութեան ներկայացուցիչների հետ: Երեւանեան օրակարգում հիմնականը լինելու է ԼՂ հարցը՝ յատկապէս նկատի ունենալով յունիսի 18-ին սահմանում գրանցւած միջադէպը, երբ զոհւել էին 4 հայ զինծառայող: Կային ենթադրութիւններ, որ այդ միջադէպը նպատակ ունէր գրաել Վաշինգթոնի ուշադրութիւնը եւ ընդգծել խաղաղ բանակցութիւնների հարցում միջամտութեան անհրաժեշտութիւնը: Պետ–դեպարտամենտը չի յայտնել, թէ ինչ է առաջարկելու Քլինթոնը Երեւանին՝ որպէս օգնութիւն: Միւս հիմնական թեման լինելու է Հայ-թրքական սառեցւած գործընթացը: Այս հարցը անձամբ Քլինթոնի համար շատ կարեւոր է, քանի որ ինքն առանցքային դեր է խաղացել Ցիւրիխում Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրման ժամանակ:

ՎՐԱՍՏԱՆ
ԱՄՆ պետքարտուղարի վերջին կանգառը Վրաստանն է, որտեղ նա հանդիպելու է այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձէի, ինչպէս նաեւ ընդդիմութեան ներկայացուցիչների հետ:
Հաւանական է, որ Վրաստանը կխնդրի ԱՄՆ-ին ուժեղացնել դիրքերը, որպէսզի Ռուսաստանը հետեւի Հարաւային Օսիայում եւ Աբխազիայում հրադադարի համաձայնագրի դրոյթներին: Նախորդ շաբաթ Օբամա-Մեդվեդեւ ջերմ հանդիպումից յետոյ Քլինթոնը ստիպւած է լինելու համոզել Թբիլիսիին, որ ԱՄՆ-ը իրենց կողմից է, բայց այնպէս, որ չյարուցի Մոսկւայի դժգոհութիւնը:
Իր հերթին, Սահակաշվիլին յունիսի 29-ին յայտարարել է, որ Թբիլիսին «ամբողջութեամբ պատրաստ է մանրամասն բանակցութիւնների Ռուսաստանի հետ, առանց որեւէ նախապայմանների»:

«Լուրեր Հայաստանից»

0 Պատգամ: