Ղարաբաղեան հակամարտութեան գօտում պատերազմի վերսկսման վտանգը մեծ է
Յուլիս 06, 2010 13:14
«Ղարաբաղեան հակամարտութեան գօտում պատահական պատերազմի վերսկսման մեծ վտանգ կայ՝ Ադրբեջանի հերթական դիվերսիայի արդիւնքում, ինչը կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողութիւնից»,- այսօր կայացած կլոր սեղանի ընթացքում յայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը:
«Այդ իմաստով հարկաւոր է լրջորեն վերաբերւել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինւած ուժերի շփման գծում անգամ փոքրիկ բախումներին, քան Բաքւի՝ ռազմական գործողութիւններ սկսելու մասին պաշտօնական յայտարարութիւններին, որովհետեւ այդ փոքրիկ բախումները կարող են վերաճել մեծ պատերազմի»,- նկատել է Կիրակոսեանը: Այդ իմաստով նա կանխատեսել է, թէ ամռան ընթացքում իրավիճակը Ղարաբաղեան հակամարտութեան գօտում աւելի կսրւի եւ կարող է վերաճել լուրջ բախման: «Հետեւաբար, հայկական կողմը պէտք է միշտ պատրաստ լինի անսպասելի զարգացումներին եւ գտնւի վատագոյնի մշտական սպասման մէջ»,- յայտարարել է փորձագէտը:
Ընդ որում, Կիրակոսեանն ընդգծել է, թէ ռազմական գործողութիւնների վերսկսումը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ այդ դէպքում նա պարտադիր կպարտւի իր բանակի մարտունակութեան բացակայութեան պատճառով: Բացի այդ, ռազմական գործողութիւնները բացասաբար կազդեն երկրի տնտեսութեան վրայ, կարգելակեն նաւթագազային ոլորտի գործունեութիւնը, ամփոփել է փորձագէտը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: