Րաֆֆի Յովհաննիսեանը խօսում է դաշինքով ընտրութիւնների գնալու մասին
«Շատ ուրախ կլինէի, որ ՀՀ նախագահի այլընտրանքային թեկնածուն լինէր կին»

15:32 • 10.07.10

«Յոյս ունեմ, որ ընդդիմութիւնը, ի տարբերութիւն նախորդ տապալւած փորձի, կունենայ միասնական այլընտրանքային թեկնածու, որը ներկայացնում է կոլեգիալ հաւաքական պատասխանատւութիւն և դա կիսում է բոլորի հետ»։ Լրագրողների հետ ճեպազրոյցում այս մասին յայտարարեց «Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր Րաֆֆի Յովհաննիսեանը՝ անդրադառնալով առաջիկայ նախագահական ընտրութիւններում ընդդիմութեան մասնակցութեան վերաբերեալ հարցին։ Յովհաննիսեանի խօսքով՝ եթէ լինի այլընտրանքային թեկնածու, որը վայելում է հասարակութեան վստահութիւնը, ընտրութիւններին կարելի է մասնակցել այդ թեկնածուով, եթէ ոչ, ապա «Ժառանգութիւնը» կմտածի սեփական թեկածուի մասին։
Տէր-Պետրոսեանի և իր մասնակցութեան վերաբերեալ ՀՀ առաջին արտգործնախարարը նշեց, որ թէ' ինքը, թէ' ՀՀ առաջին նախագահը ունեն և' իրենց թերութիւնները, և' իրենց առաւելութիւնները, և ինքը չէ որոշողը, թէ ով կառաջադրւի։
«Շատ ուրախ կլինէի, որ ՀՀ նախագահի այլընտրանքային թեկնածուն լինէր կին»,- ասաց Րաֆֆի Յովհաննիսեանը, միաժամանակ, նկատելով, որ հարկաւոր է փնտրել կին թեկնածու։ Առաջիկայ ընտրութիւններին մասնակցելու վերաբերեալ Յովհաննիսեանը նշեց, որ ինքը նախընտրում է դաշինքով մասնակցութիւնը և յոյս յայտնեց, որ այս անգամ հնարաւոր կը լինի, ի տարբերութիւն նախորդ անգամւայ, մասնակցել դաշինքով։
Ըստ նրա՝ եթէ այդ դաշինքը չձևաւորւի, իրենք կմտածեն առանձին մասնակցութեան մասին։
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի, ինչպէս նաև պաշտօնական շրջանակների բացակայութեանը համագումարին՝ նա բացատրեց, որ իրենք պաշտօնապէս որևէ մէկին չեն հրաւիրել իրենց արտահերթ համագումարին։ «Հէնց անձամբ ես որևէ մէկին չեմ հրաւիրել»,- ասաց նա ու յոյս յայտնեց, որ յաջորդ համագումարին կլինեն պաշտօնական հրաւէրներ։
Tert.am

0 Պատգամ: