Դիվերսիայի ետևում երրո՞րդ ուժ
14:39 • 08.07.10
Յունիսի 18–ի լոյս 19–ի գիշերը իրականացւած ադրբեջանական դիվերսիան չպէտք է դիտարկել որպէս «մեկուսի երևոյթ»։ Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ աւելացնելով, որ այդ յարձակումը պատահական չէր։
Ըստ Սաֆրաստեանի՝ ադրբեջանական դիվերսիայի և պետերբուրգեան բանակցութիւնների միջև ուղիղ կապ կայ։ Բացի այդ, թուրքագէտի կարծիքով, դիվերսիոն յարձակումը ադրբեջանական հասարակութեան ներսում Ալիևի քաղաքականութեան նկատմամբ դժգոհութեան արտայայտում է։
«Իմ կարծիքով՝ այս միջադէպը մենք պէտք է գնահատենք որպէս Ադրբեջանում գոյութիւն ունեցող դժգոհութիւն Ալիևի բանակցային գործունէութիւնից։ Ես չեմ բացառում, որ այստեղ կարող է ներգրաւած լինի նաև մի երրորդ ուժ, օտար պետութիւն, որը հնարաւորութիւն ունի ճնշելու Ալիևին և հնարաւորութիւն ունի այդպիսի սադրանքներով որոշակի, այսպէս ասած, մեսիջներ հաղորդելու»,– յայտարարեց Ռուբէն Սաֆրաստեանը։
Ըստ Սաֆրաստեանի՝ դժւար է ասել, թէ ով էր դիվերսիոն յարձակման իսկական հեղինակը, այդ առումով կարելի է միայն ենթադրութիւններ անել։ Ըստ Արևելագիտութեան ինստիտուտի տնօրէնի ենթադրութիւնների՝ ադրբեջանական դիվերսիոն յարձակումը կարող էր լինել զինւորական մի օղակի կազմակերպած գործողութիւնը, ինչպէս նաև պետերբուրգեան բանակցութիւններից Ալիևի դժգոհութեան արտայայտումը։
Tert.am

0 Պատգամ: