Բելգիայի Սենատի նախագահ.–
Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումը հիասթափութիւն առաջացրեց ԵՄ-ում

«Բելգիայի խորհրդարանը միշտ Հայաստանի կողքին է, ինչի մասին փաստում է նաև 1998 թ. Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը»


«Հիասթափեցնող է, որ Թուրքիան չցանկացաւ աւելի հեռուն գնալ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործում»

11:31 • 13.07.10

Յուլիսի 12-ին սկսւել է ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատւիրակութեան աշխատանքային այցը Բրիւսել: Պատւիրակութեան կազմում են «Եւրանեսթում» ԱԺ պատւիրակութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանը, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի անդամ Արտակ Զաքարեանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանեանը, ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսեանը:
Բրիւսել կատարած աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ:
Ողջունելով իր գործընկերոջը` Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերը նշել է, որ Բելգիան մեծ կարևորութիւն է տալիս Հայաստանի հետ թէ երկկողմ և թէ բազմակողմ յարաբերութիւնների զարգացմանը: Նա անհրաժեշտ է համարել երկու խորհրդարանների միջև համագործակցութեան խորացումը, ինչին մեծապէս նպաստել է նաև 2009 թ. իր պաշտօնական այցը Երևան: Սենատի նախագահը յոյս է յայտնել, որ Յովիկ Աբրահամեանի յաջորդ այցը Բրիւսել կլինի պաշտօնական և վերահաստատել է պաշտօնական այցի իր հրաւէրը:
Յովիկ Աբրահամեանը գոհունակութեամբ փաստել է վերջին շրջանում Հայաստանի և Բելգիայի երկկողմ յարաբերութիւնների բարձր մակարդակը: Նա կարևորել է երկու խորհրդարանների միջև գործակցութեան զարգացումը ու խորացումը, փոխգործակցութիւնը ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում, ինչպէս նաև Եւրամիութեան Արևելեան գործընկերութեան շրջանակներում Եւրախորհրդարանի հովանու ներքոյ իրականացւելիք «Եւրանեսթ»-ում: Նա կարևորել է նաև համագործակցութեան ակտիւացումը առևտրատնտեսական և այլ ոլորտներում: ԱԺ նախագահն ընդգծել է միջազգային կառոյցներում, մասնաւորապէս ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդում անցած տարիներին Բելգիայի արդիւնաւէտ նախագահութիւնը` վստահութիւն յայտնելով, որ Բելգիայի նախագահութիւնը Եւրամիութիւնում ևս կլինի արդիւնաւէտ: Նշենք, Յովիկ Աբրահամեանը բարձրաստիճան առաջին Հայ պաշտօնեան է, որ այցելել է Բրիւսել Բելգիայի Եւրամիութիւնում նախագահութիւնը ստանձնելուց յետոյ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ: Յովիկ Աբրահամեանը ներկայացրել է Հայաստանի մօտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգաւորման, ինչպէս նաև հարևան երկրների հետ յարաբերութիւնների հարցերում: Նա շեշտել է, որ Հայաստանը բազմիցս յայտարարել է, որ հիմնախնդիրը պէտք է կարգաւորւի խաղաղ բանակցային ճանապարհով, ինչին մեծապէս խոչընդոտում է Ադրբեջանը աւելի յաճախ հնչող իր ռազմատենչ յայտարարութիւններով: Նա մտահոգութիւն է յայտնել, որ միջազգային հանրութիւնը համարժէք գնահատական չի տալիս Ադրբեջանի գործողութիւններին:
Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին` Արման դը Դեկերը բարձր է գնահատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատելու Հայաստանի համարձակ և նախաձեռնողական քաղաքականութիւնը` նշելով, որ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումը հիասթափութիւն առաջացրեց Եւրամիութիւնում: Սենատի նախագահը շեշտել է, որ Բելգիայի խորհրդարանը միշտ Հայաստանի կողքին է, ինչի մասին փաստում է նաև 1998 թ. Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր ևս:
Յովիկ Աբրահամեանը Արման դը Դեկերի ուղեկցութեամբ շրջայց է կատարել Սենատում և գրառում է կատարել պատւաւոր հիւրերի գրքում:
Հանդիպման վերջում երկու խորհրդարանների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին:
Ամփոփելով հադիպումը՝ Յովիկ Աբրահամեանը նշել է, որ Բելգիայի հետ քաղաքական յարաբերութիւնները միշտ եղել են բարձր մակարդակի վրայ և համոզմունք յայտնել, որ այսույետ ևս համագործակցութիւնը բոլոր ուղղութիւններով աւելի կը զարգանայ և կխորանայ: Նա ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է եւրաինտեգրման քաղաքականութիւնը և շարունակում է ժողովրդավարութեան խորացմանն ուղղւած բարեփոխումները: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Յովիկ Աբրահամեանը նշել է, որ եւրոպական և միջազգային կառոյցներում զգացւում է ճշգրիտ տեղեկատւութեան պակաս:
Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը վերաբերող հարցին Դեկերը պատասխանել է. «Անչափ ափսոսում եմ, որ այդ ակտիւ դիվանագիտութիւնը չյաջողւեց Թուրքիայի մեղքով, որը նոր պայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ այն պահին, երբ գործնականում պէտք է վաւերացնէր արձանագրութիւնները, որոնք արդէն պատրաստ էին, ստորագրւած: Հիասթափեցնող է, որ Թուրքիան չցանկացաւ աւելի հեռուն գնալ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործում»:
Անդրադառնալով Հայաստանի հետ յարաբերութիւններին` Դեկերն ասել է. «Եւրամիութիւնում Բելգիայի նախագահութեան շրջանում կցանկանայինք խորացնել Հայաստանի հետ յարաբերութիւնները: Կարծում ենք, որ դրանք էական յարաբերութիւններ են, ինչպէս Հայաստանի, այնպէս էլ նոյն Եւրամիութեան համար, որը ցանկանում է բարելաւել իր յարաբերութիւնները մի երկրի հետ, որի հետ կապւած ենք նախևառաջ առանձնայատուկ յարաբերութիւններով. Եւրոպայում շատ գործօն, ակտիւ համայնքով, ինչպէս նաև քաղաքական և ռազմավարական շահերով»:
Նոյն օրը ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը հանդիպել է Եւրախորհրդարանի պատգամաւորներ, Հայաստանի հարցերով զեկուցողներ Թոմաս Պորեբայի և Չարլզ Թանոկի հետ: Զեկուցողներին ՀՀ ԱԺ նախագահը պատմել է մեր երկրի մասին՝ նշելով, որ հայ իրականութեան մէջ մեծ դեր ունեն աւանդոյթները, հոգևոր արժէքները և դրանց վրայ հիմնւած եւրոպական արժէքները` ժողովրդավարութիւնը, մարդու իրաւունքների և հիմնարար ազատութիւնների յարգումը:
Ինչպէս յայտնում են ՀՀ ԱԺ-ից, Յովիկ Աբրահամեանը Եւրախորհրդարանի պատգամաւորներին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտութեան բանակցային գործընթացը և Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանն առնչւող զարգացումները:
Պորեբան և Թանոկը հաւաստիացրել են, որ կանեն հնարաւորը, որպէսզի Հայաստանի և հայկական կողմի դիրքորոշման մասին Եւրախորհրդարանին ներկայացւի անաչառ տեղեկատւութիւն: Կողմերը անթոյլատրելի են համարել 21-րդ դարի Եւրոպայում փակ սահմանների առկայութիւնը:
Tert.am

0 Պատգամ: