ՀՀ Պաշտպանութեան
Նախարարութիւնը
չի հաւատում Հայ հովիւի
մահւան Բաքւի վարկածին
«ՀՀ ՊՆ-ն իր մտահոգութիւնն է յայտնում այդ առնչութեամբ, գտնելով, որ Մ. Սարիբէկեանի ողբերգական մահւան պատասխանատւութիւնը ամբողջութեամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրայ»
19:37 • 05.10.10
ՀՀ ՊՆ տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը տարածել է հաղորդագրութիւն, որում ասւում է.
«Ադրբեջանական լրատւամիջոցները, վկայակոչելով երկրի Պաշտպանութեան (պատերազմի) նախարարութեան և ռազմական դատախազութեան համատեղ յայտարարութիւնը, յայտնում են, որ հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ին ինքնասպանութիւն է գործել Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող ՀՀ քաղաքացի Մանւէլ Մամիկոնի Սարիբէկեանը: Ըստ հաղորդագրութեան՝ Մ. Սարիբէկեանի պարանոցի վրայ յայտնաբերւել է կախւողներին բնորոշ հետք։ Չնայած հայկական կողմի պարազաբանումներին, որ երիտասարդը սովորական հովիւ էր, որը մոլորւել և հատել էր Հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը յամառօրէն պնդում էր, թէ սեպտեմբերի 11-ին սահմանից այն կողմ յայտնւած Սարիբէկեանը դիվերսանտ է: Այնուհետև ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանիւթ, որում Հայ երիտասարդն ասում էր, թէ, իբր, իրեն յատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողութիւն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում յստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկւած էր կտտանքների։
Որևէ հիմք չունենալով հաւատալու Հայ երիտասարդի մահւան վարկածի իսկութեանը՝ ՀՀ ՊՆ-ն իր մտահոգութիւնն է յայտնում այդ առնչութեամբ, գտնելով, որ Մ. Սարիբէկեանի ողբերգական մահւան պատասխանատւութիւնը ամբողջութեամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրայ: Հրաւիրում ենք միջազգային կառոյցների՝ մասնաւորապէս Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ուշադրութիւնն այն փաստի վրայ, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտօրէն խախտում է միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը, մասնաւորապէս՝ «Ռազմագերիների հետ վարւելակերպի մասին» կոնվենցիայի դրոյթները, անտեսում է ԼՂ հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքերը՝ նման սադրիչ քայլի գնալով համանախագահների Դաշտային գնահատման առաքելութեան օրերին:
Արդէն որերորդ անգամ Ադրբեջանը յանցաւոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրաւասու կառոյցների պարսաւանքին: Հէնց այդ անպատժելիութեան զգացողութիւնն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանւած մեր հայրենակցին»:
Tert.am

0 Պատգամ: