Մայր Աթոռ.-
Անիի Մայր տաճարում նամազը
քաղաքական սադրանք էր
«Դա փորձ է ժխտելու հայկական
պատկանելութիւնը Անիի մայր տաճարի, որ աղօթազրկւել է Հայոց
Ցեղասպանութեան հետեւանքով»
«Թրքական իշխանութիւնները շարունակում են իրենց քայլերը` ուղղւած
հայկական յիշատակների ոչնչացմանը եւ Հայոց Պատմական սրբավայրերի ու
մշակութային արժէքների իւրացմանը»
Հոկտեմբեր 02, 2010 14:12
Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն արձագանքել է Անիի Մայր տաճարում հոկտեմբերի 1-ին կազմակերպւած նամազի փաստին:
Ստորեւ ներկայացնում ենք Մայր Աթոռի յայտարարութիւնը.
«Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանութիւնների արտօնութեամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցութեան կողմից նամազ է կազմակերպւել Անիի Հայոց Սուրբ Աստւածածին մայր տաճարում:
Սոյն քայլը քաղաքական սադրանք է եւ որեւէ առնչութիւն չունի հոգեւոր-բարեպաշտական զգացումների եւ կրօնական ազատութեան ու իրաւունքների հետ: Միաժամանակ դա փորձ է ժխտելու հայկական պատկանելութիւնը Անիի մայր տաճարի, որ աղօթազրկւել է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում այսօրինակ գործողութիւնները, որոնք սերմանում են անհանդուրժողութիւն եւ հայատեացութիւն: Բացարձակապէս անընդունելի է նաեւ քրիստոնէական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դէպքում, երբ հետեւողականօրէն արգելւում է քրիստոնէական ժառանգութեան իրաւատէրերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանութիւնները շարունակում են իրենց քայլերը` ուղղւած հայկական յիշատակների ոչնչացմանը եւ Հայոց Պատմական սրբավայրերի ու մշակութային արժէքների իւրացմանը:
Ակնյայտ է նաեւ, որ սոյն քայլով Թուրքիան վերստին ի դերեւ է հանում Հայաստանի եւ միջազգային հանրութեան ջանքերը` ի նպաստ Հայ-թրքական երկխօսութեան հաստատման եւ յարաբերութիւնների կարգաւորման»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment