Հայաստանը եւ Թուրքիան Յանձն Են Առնում Շարունակել Յարաբերութիւնների Կարգաւորման Ջանքերը



31.08.2009
Հայաստանը եւ Թուրքիան համաձայնել են «ներքին քաղաքական խորհրդակցութիւններ սկսել», որոնց նպատակն է վաւերացնել երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւնների արդիւնքում նախաստորագրւած երկու արձանագրութիւնները՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին։
Երկուշաբթի Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարութիւնները, ինչպէս նաեւ Շւեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդէս են եկել նոր համատեղ հաղորդագրութեամբ։
Հաղորդագրութիւնում ասւած է, որ բանակցութիւնների ընթացքում նախաստորագրւել են հետեւեալ երկու արձանագրութիւնները՝ «Արձանագրութիւն երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին» եւ «Արձանագրութիւն երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին», որոնք սահմանում են խելամիտ ժամկէտում երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման շրջանակ:
Եռակողմ հաղորդագրութիւնում նշւում է, որ նախատեսւում է Հայաստանում եւ Թուրքիայում անցկացնել «ներքին քաղաքական խորհրդակցութիւններ», որոնք պէտք է աւարտւեն վեց շաբաթւայ ընթացքում։ Այնուհետեւ երկու արձանագրութիւնները կստորագրւեն եւ կը ներկայացւեն համապատասխան խորհրդարաններին` վաւերացման համար:
«Երկու կողմերը կը գործադրեն իրենց առաւելագոյն ջանքերը վաւերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական եւ օրէնսդրական գործընթացների», - նաեւ ասւած է հաղորդագրութիւնում։
Շւեյցարիայի միջնորդութեամբ ընթացող կարգաւորման բանակցութիւնների արդիւնքում ապրիլին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման համապարփակ շրջանակի շուրջ։



«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: