Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի դիրքորոշմանը «սառը անտարբերութեամբ են վերաբերւում»

16:32 / 03.11.2009
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան լրատւութեան վարչութեան պետ Մարսէլ Պետրոսեանը մեկնաբանել է թուրքական «Սաբահ» թերթի յօդւածը։
Մեկնաբանութեան մէջ ասւում է. «Թուրքական ժողովրդական առածն ասում է. „Դժոխք գնացողը ընկեր է փնտրում իր հետ տանելու“։ Ադրբեջանի համար այդ ընկերը վաղուց գտնւել է Թուրքիայի տեսքով, որոնց յարաբերութիւնների առանցքը ոչ թէ „Մէկ ազգ, երկու պետութիւն“ սկզբունքի իրականացումն է, կամ էլ թէ անկաշառ եւ յաւերժական ընկերութիւնը, այլ հայատեացութիւնը, մասնաւորապէս՝ պաթոլոգիական ջղաձգումները՝ իջեցնել Լեռնային Ղարաբաղի միջազգային վարկանիշը:
Այս տեսանկիւնից ամենեւին էլ պատահական չէ ոմն Նազիլ Եըլդրջակի յօդւածը՝ տպագրւած այս տարւայ հոկտեմբերի 20-ին, թուրքական „Սաբահ“ թերթում։ Յօդւածը կարդալիս պարզ է դառնում, որ 11-րդ դարից մինչեւ 1800 թթ, Ղարաբաղը գտնւել է թուրքական տիրապետութեան ներքոյ։ Թէեւ յօդւածում անյարկի ձեւով նշւում է, որ „Թայիփ Էրդողանը հիանալի յիշողութիւն ունի“, սակայն թերթի յիշողութիւնը կասկածի տեղիք է տալիս:
Այլապէս այնտեղ կնշէին, թէ 11-րդ դարից մինչեւ 20-րդ դարը Ղարաբաղում եւ նրա մերձակայ բնակավայրերում քանի անգամ են թալանւել իրենց նախորդները, եւ մահից մազապուրծ լինելով` առանց յետ նայելու փախել են:
Այն, որ Ադրբեջանը մեծ փորձ ունի պատմական փաստերը եւ իրադարձութիւնները խեղաթիւրելու գործում, բոլորին յայտնի իրողութիւն է: Եւ ահա, Ադրբեջանին սփոփելու համար՝ թուրքական „Սաբահը“, առաջ անցնելով իր կրտսեր եղբօրից, հիանալի օրինակ է ցոյց տալիս կեղծիքներ տարածելու, ապակողմնորոշելու եւ իր ընթերցողներին շփոթեցնելու հարցում:
Թերթի խմբագրութիւնը երեւի հիանալի գիտի, որ իրենց ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առընչւող պատմական փաստերից: Այնպէս որ նրանց համար կարելի է գրել ցանկացած անհեթհեթութիւն, այ, օրինակ ապատեղակատւութիւն այն մասին, որ Ղարաբաղը ինչ-որ ժամանակ եղել է Օսմանական կայսրութեան կազմում եւ երբ մտել է Ռուսաստանի կազմի մէջ,Ղարաբաղի բնակչութեան 95 տոկոսը թուրքեր են եղել:
„Սաբահ“ պարբերականի գերաճած երեւակայութիւնը սահմաններ չունի: Առաջ անցնելով ադրբեջանական ԶԼՄ-ներից նաեւ այս հարցում՝ պարբերականը մեղադրում է Ռուսաստանին, որ իբրեւ թէ վերջինս անցած դարերում դուրս է բերել թուրքական բնակչութեանը Ղարաբաղի տարածքից՝ փոխարէնն այնտեղ հայերին բնակեցնելով: Բարեբախտաբար այդ պարբերականը չի տեղեկացնում այն մասին, թէ որ մոլորակից են հայերը եկել:
Եթէ իմանար, անշուշտ կգրեր այդ մասին: Գրչի թեթեւ շարժումով թերթը եռապատկում է ղարաբաղեան պատերազմի ժամանակ ադրբեջանցի փախստականների թիւը եւ հասցնում այն գրեթէ կէս միլիոնի: Աւելին` պարզւում է, որ հին ձեռագրերը, որոնք պահւում են Շուշիի թանգարանում, գողացւել են հայերի կողմից: Թերթը աւելորդ է համարել գրել, թէ հին ժամանակներում ո՞ր լեզւով եւ ինչի՞ մասին են գրել այդ գիր չունեցող քոչւոր ցեղերը (ներկայիս ադրբեջանցիները):
Թերթը լռութիւն է պահպանում նաեւ Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում, Մարաղայում եւ տասնեակ այլ բնակավայրերում ադրբեջանցիների կողմից հայերի հանդէպ իրականացւած գազանութիւնների մասին։ Դրա փոխարէն նա իր սուրբ պարտքն է համարում շոշափել Խոջալուի դէպքերը՝ աւելացնելով սպանւածների ու վիրաւորների թիւը եւ հայերին իբրեւ հրէշ ներկայացնելով։
„Սաբահ“ թերթից ղարաբաղեան իրադարձութիւնների մասին ճիշտ տեղեկութիւններ ստանալու ակնկալիք, անկասկած, չկայ։ Նա չի կարող հաստատել, որ ռազմական գործողութիւնների տարածքներն անվտանգ կերպով լքելու համար հայերը Խոջալուի խաղաղ բնակիչներին յատուկ միջանցք էին տրամադրել եւ այդ ողբերգական իրադարձութիւնները տեղի են ունեցել ոչ թէ Խոջալուի տարածքում, այլ Աղդամի մօտակայքում, որը գտնւում էր ադբեջանական զինւած ուժերի հսկողութեան ներքոյ։
Որտեղի՞ց հայերը պէտք է իմանային, որ յանուն իշխանութիւնների փոփոխման՝ Ազգային ճակատի արկածախնդիրները ընդունակ են կրակ բացել սեփական ժողովրդի վրայ եւ սպանել անզէն եւ անօգնական մարդկանց։ Հաւանաբար Ազգային ճակատի „տաք գլուխները“ իշխանութեան հասնելու այլընտրանքային ճանապարհ չունէին. նրանք սկզբից պէտք է մեղադրէին հայերին, իսկ յետոյ իշխանութիւններին, որ նրանք անտարբեր են եղել ադրբեջանցի խաղաղ բնակչութեան անվտանգութիւնն ապահովելու հարցում։ Ի վերջոյ, ադրբեջանցիները այսպէս կոչւած „Խոջալուի ցեղասպանութեան“ մասին ստով են լցրել ինտերնէտը, եւ գլխավոր կազմակերպիչն այստեղ Հէյդար Ալիեւի անւան պետական հիմնադրամն է, որը գոյները խտացնելու համար չի խնայում ոչինչ՝ ընդհուպ Կոսովոյում սպանւածների մարմիններով նկարները ներկայացնելով իբրեւ Խոջալուի ողբերգութեան զոհերի նկարներ։
Երեւում է՝ „Սաբահ“ թերթը ծերունական մարազմով է վարակւել ադրբեջանական ԶԼՄ-ներից։ Այլապէս նա փոքրիկ մէջբերում կանէր Ադրբեջանի նախկին նախագահ, ոչ պակաս հայատեաց Այազ Մութալէբովի խօսքերից։ Ամէն դէպքում, պէտք է արժանին մատուցել Ադրբեջանի Ազգային ճակատին, ով ամէն ինչ հաշւարկել էր ոսկերչի ճշգրտութեամբ։ Այս ամէնի շուրջ եւս „Սաբահը“ գիտակցաբար լռութիւն է պահպանում՝ գրելով. „Հնարաւոր է՝ Թուրքիայի հանրային հեռուստաընկերութիւնը սկսի Ղարաբաղի գրաւման եւ Խոջալուի դէպքերի մասին հեռուստասերիալ ցուցադրել“։
Իհարկէ, յայտարարութեամբ հանդէս գալը մեղք չէ։ Մեղքը իրականութիւնն աղաւաղելն է։ Չեմ կարծում, որ „Սաբահ“ թերթին երբեւէ կյաջողւի իր մեղքերի թողութիւնը ստանալ։ Բայց, ամէն դէպքում, պէտք է ձգտել դրան՝ գոնէ յանուն ինքնամաքրման։ Իսկ գուցէ Թուրքիայի հանրային հեռուստաընկերութիւնը սկսի հեռուստասերիալ ցուցադրել 1915թ. իրադարձութիւնների մասի՞ն։ Կը համարձակւի՞ „Սաբահը“ երբեւէ հանդէս գալ նմանօրինակ առաջարկութեամբ։
Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հանդէպ ունեցած Թուրքիայի դիրքորոշմանը, ապա դրան ԼՂՀ-ում, մեղմ ասած, վերաբերում են սառն անտարբերութեամբ»։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: