ԱՄՆ-ը կտրուկ դէմ է թուրք-իրանական գազային պայմանաւորւածութիւններին

10:30 / 07.11.2009
ԱՄՆ վարչակազմն իր դժգոհութիւնն է յայտնել, որ Թուրքիան ու Իրանը պայմանաւորւածութիւն են ձեռք բերել իրանական գազի արդիւնահանման ու մատակարարման վերաբերեալ:
ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ հիմա Իրանի հետ նորմալ բիզնես վարելու ժամանակը չէ:
Նա յիշեցրել , որ ԱՄՆ-ը տնտեսական ու առեւտրային յարաբերութիւններ չունի Իրանի հետ: «Մենք էլ ունենք օրէնսդրութիւն, որը պատժամիջոցներ է պահանջում, եթէ այլ երկրները կապիտալ ներդրումներ են կատարում Իրանի էներգետիկ ոլորտում եւ այդ առումով ոչինչ չի փոխւել»,- նախազգուշացրել է ամերիկացի դիւանգէտը:
Յիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան կատարած այցելութեան ժամանակ մի շարք համաձայնագրեր են կնքւել գազային ոլորտում, մասնաւորապէս իրանական գազը Թուրքիայի տարածքով Եւրոպա հասցնելու խնդրի հետ կապւած:
Դրա համար Իրանն ու Թուրքիան նախատեսում են համատեղ ձեռնարկութիւն ստեղծել, որը կզբաղւի երկնագոյն վառելիքի մատակարարմամբ: Փորձագէտների կարծիքով, այդ պայմանաւորւածութիւնները կարող են լուծել «Նաբուկո»-ի հիմնական խնդիրը` ռեսուրսային բազայի բացակայութեան խնդիրը:
Աւելի վաղ Իրանի գազի արտահանման ազգային Ընկերութեան ղեկավար Ռէզա Քեասայիզադէն յայտարարել էր, որ եւրոպական ընկերութիւնները ոչ պաշտօնական խորհրդակցութիւններ են սկսել Իրանի հետ` վերջինիս «Նաբուկո»-ին միանալու օրակարգով: Նա ընդգծել է, որ առանց իրանական գազի «Նաբուկո»-ն եկամտաբեր չի լինի, եւ դրա իրականացումը անհնար կդառնայ:
Այդ գազամուղը կիրականանայ միայն այն դէպքում, եթէ նրանով տարեկան հոսի 30 միլիարդ խմ գազ, ասել է Քեասայիզադէն:
Յիշեցնենք, որ «Նաբուկո»-ի շինարարութիւնը նախատեսւում է սկսել 2011 թւականին, որը շահագործման կը յանձնւի 2014-ին:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: