Saturday, November 7, 2009

«Նեմեսիս-90»

ԴԻՏԱՆԿԻՒՆ
«Նեմեսիս-90»


Հ. Յ. Դ. հիմնադրութեան ամեակները նշանաւորող ձեռնարկները մեզ մօտ եւս կայանում են աւանդաբար նոյեմբերդեկտեմբեր ամիսներում, իսկ երէկ՝ նոյ. 6-ին, Թեհրանի հայոց հին գերեզմանատանը (Դուլաբ) կայացած ու նոյնպէս աւանդական դարձած «Հ. Յ. Դ. գործիչների պանթէոնին այցելութիւն»-ը կարելի է համարել որպէս մեկնարկ այդ ձեռնարկների, որոնք այս տարի բնորոշելու են ազգային-յեղափոխական կազմակերպութեան 119-րդ ամեակը:
Աւանդական լինելով հանդերձ, երէկւայ հանդիսութիւնը առանձնայատուկ էր նաեւ այն առումով, որ նւիրւած էր «Հայկական Նեմեսիս»-ի 90-ամեակին:Ահաւասիկ, սրանից 90 տարի առաջ, հայ ազատագրական պայքարը մարմնաւորող 29-ամեայ Հ. Յ. Դ.-ն, անկախացած Հայաստանում գումարած 1919 թւականի իր 9-րդ ընդհանուր ժողովի օրակարգ է մտցնում «նեմեսիսեան գործողութիւնը»:
Հայոց մեծագոյն արհաւիրքի՝ Ցեղասպանութեան դահիճներին ու անմիջական պատասխանատուներին, որոնք եւրոպական մայրաքաղաքներում քարշ էին տալիս իրենց գարշելի կեանքը եւ ազատ ու համարձակ՝ դեռեւս «վայելում էին» կարծեցեալ անպատժելիութեան պայմաններն ու մտաբերում, թէ այլեւս «մէկ հայ է մնացել, այն էլ թանգարանում», ահա անխուսափելի դատաստանի առջեւ կանգնեցնելու վճիռը կայանում է 9 տասնամեակ առաջ, յունական «Նեմեսիսեան» չաստւածի օրինակով՝ հայկական արդարահատոյց վրիժառու կամքի արտայայտութեամբ:
Արդարեւ, երիտթուրք ջարդարար-մարդակերների նիւրենբերգեան անաւարտ դատավարութիւնները իրենց օրինաչափ վճռահատումն են ստանում «հայոց նեմեսիս»-ով, որն նւիրականացւում է Արմէն Գարօների, Շահան Նաթալիների, Սողոմոն Թեհլիրեանների, Արամ Երկանեանների, Միսաք Թոռլաքեանների ու Արշաւիր Շիրակեանների անվրէպ ու նպատակասլաց գործողութիւններով, որոնք ոչ այլ ինչ էին, եթէ ոչ՝ Հայոց Մեծ Եղեռնի Բիւրաւոր Նահատակների կտակի անմիջական կենսագործումը:

0 Պատգամ: