ԳԻՒԼԸ ՀԱՒԱՏՈՒՄ Է
«ԳՐԱՒԵԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՆՅԱՊԱՂ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ»




Համաձայն թուրքական Zaman թերթի` Եւրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային՝ վաւերացնել հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնները:
Բացի այդ, իր հերթական նախնական զեկոյցում Եւրախորհրդարանն ակնարկել է, թէ կարող է քննադատել Թուրքիային՝ եւրոպական խաղաղ նախաձեռնութիւնները տապալելու համար, քանի որ կարծում է, թէ Անկարան արգելակում է ԵՄ-ի համագործակցութիւնը ՆԱՏՕ-ի հետ՝ կիպրական հարցում ունեցած դիրքորոշման պատճառով, գրում է աղբիւրը: Zaman-ը յիշեցրել է իտալացի պատգամաւոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցութեան անդամ Գաբրիէլա Ալբերտինիի ներկայացրած` «Եւրոպական խորհրդարանի ընդլայնման մասին զեկոյցը», որտեղ խօսւում է Թուրքիայի քայքայիչ գործողութիւնների մասին, որոնք կասկածի տակ են դնում ԵՄ անդամների անվտանգութիւնը:
Զեկոյցը կոչ է անում Թուրքիային՝ համաձայնեցնել իր արտաքին քաղաքականութիւնը ԵՄ հետ, մասնաւորապէս՝ Իրանին վերաբերող հարցերում, պահանջում է կառավարութեանն ու բոլոր կուսակցութիւններին համաձայնութեան գալ բարեփոխումների վերաբերեալ, ողջունում է Անկարայի քայլերը քրդական հարցում, Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում կոչ անելով վաւերացնել երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման հոկտեմբերի 10-ին ստորագրւած արձանագրութիւնները, - գրել է պարբերականը: Մինչ միջազգային հանրութիւնը պահանջում է «ողջամիտ ժամկէտներում» Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների վաւերացում, իսկ քաղաքական գործիչներն ու փորձագէտները կանխատեսումներ են անում, թէ երբ կը վաւերացւեն արձանագրութիւնները` պաշտօնական Անկարան չի շեղւում որդեգրած մարտավարութիւնից: Երէկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը մասնակցելով Միջազգային ռազմավարական հետազոտութիւնների խորհրդի շէնքի բացման արարողութեանը` խօսել է Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնից:
Այս մասին տեղեկացրել է թուրքական Gercekgundem կայքէջը: Ա.Գիւլը յոյս է յայտնել, որ Հայաստանի հետ սկսւած գործընթացը դրական աւարտ կունենայ, ապա յաւելել է. «Իհարկէ, Լեռնային Ղարաբաղի խնդրում տարբեր քննարկումներ կան: Սակայն Ադրբեջանից զաւթւած հողերը պատկանում են Ադրբեջանին, եւ դրանում որեւէ կասկած չկա: Այս խնդրում Հայաստանի կողմից որեւէ առարկում քննարկման թեմայ չէ:
Այդ տեսակէտից ելնելով` հաւատում եմ, որ աշխատանքները ընթանում են գրաւեալ տարածքների անյապաղ վերադարձի շուրջ, եւ այդ համատեքստում մի շարք խնդիրներ աւելի հեշտ կլուծւեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին մէկ տարւայ աշխատանքներից թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Հայաստանը գոհ են մնացել», - նկատել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը: Երկօրեայ պետական այցով Քովէյթում գտնւող Սերժ Սարգսեանը Քովէյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ հանդիպման ընթացքում քննադատել է «Իսլամական կոնֆերանս միութեանը»:
Յիշեցնենք, որ ամէն տարի այս կազմակերպութեան անդամ պետութիւնների ղեկավարները, ԱԳ նախարարները հանդիպում են եւ որպէս կանոն` յայտարարութիւն են ընդունում, որտեղ պահանջում են` «Ադրբեջանի գրաւեալ տարածքների» վերադարձ եւ իրենց աջակցութիւնն են յայտնում` Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան պահպանման պահանջին:
Սերժ Սարգսեանը Քովէյթում յայտարարել է. «Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ բաւարար տեղեկացւածութիւնը եւ Ադրբեջանի կողմից կրօնական համերաշխութեան գործօնի անտեղի ու անթոյլատրելի շահարկումները յաճախ բերում են «Իսլամական կոնֆերանս միութեան» կողմից ոչ ճիշտ որոշումների կայացման»:
Պաշտօնական հաղորդագրութիւնների համաձայն` Սերժ Սարգսեանն ու Քովէյթի Էմիրը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգութեան, առկայ խնդիրների ու հակամարտութիւնների լուծման գործընթացների շուրջ, մասնաւորապէս՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի ներկայ փուլի եւ ղարաբաղեան հիմնախնդրի էութեան ու բանակցային գործընթացի մասին:
Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը վստահութիւն է յայտնել, որ Ս.Սարգսեանի այցը մեծ ազդակ կլինի տարբեր բնագաւառներում փոխգործակցութիւնը նոր թափով առաջ մղելու համար` հիմքում ունենալով արաբ ու հայ ժողովուրդների դարաւոր բարեկամութիւնը, փոխադարձ սէրն ու յարգանքը. «Չկայ մեր յարաբերութիւնների զարգացմանը խոչընդոտող որեւէ հանգամանք կամ խնդիր: Նման բարձր մակարդակի հանդիպումները կարելի է համարել երկկողմ յարաբերութիւնների զարգացման նոր խթան», - նշել է Քովէյթի էմիրը:
Սերժ Սարգսեանը վստահութիւն է յայտնել, որ դեսպանութիւնների բացումը եւ երկու երկրների արտգործնախարարութիւնների միջեւ մշտական քաղաքական խորհրդակցութիւնները հնարաւորութիւն կընձեռեն առաւել մօտիկից ու համակողմանիօրէն հասկանալ միմեանց խնդիրները, ինչն իր հերթին կնպաստի միջազգային կազմակերպութիւններում տեղի ունեցող քննարկումների ու քւէարկութիւնների ժամանակ առաւել հիմնաւորւած դիրքորոշումների արտայայտման: Ս.Սարգսեանը հանդիպել է նաեւ Քովէյթի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ եւ նրանց ներկայացրել իր մօտեցումները հայ-թուրքական եւ ղարաբաղեան գործընթացների վերաբերեալ:
Էմմա Գաբրիէլեան

0 Պատգամ: