Sunday, November 8, 2009

Ո՞Վ ԵՄ ԵՍ...

Ո՞Վ ԵՄ ԵՍ...



«Որպէս քրդացած հայ՝ ուզում եմ ձեզ փոխանցել իմ մտահոգութիւնները: 28 տարեկան եմ, վերջին մէկ տարում ուսումնասիրում եմ, որ բացայայտեմ ծագումս: Գիտեմ, որ ուշացել եմ, սակայն վերջին մէկ տարում սկսեցի հաշտւել իմ հայկական ինքնութեան հետ, որից ձերբազատւելը եղել էր իմ գլխաւոր ցանկութիւնը, որովհետեւ այդ ինքնութեան պատճառով ընտանիքիս միւս անդամների պէս ինձ էլ անարգեցին:
Մանուկ հասակում ինձ ոչ մի հայհոյանք այդքան չէր զայրացնում ու վիրաւորում, որքան հայութեանս առնչւող խօսքերը:
Այսինքն, ինձ համար մեծագոյն հայհոյանքը հայ կոչւելն էր: Չէի կարողանում ընդունել դա, ամաչում էի: Թէեւ ապացուցելու համար, որ հայ չեմ, բոլորից յաճախ մզկիթ էի գնում, Ղուրանը բոլորից ջանասիրաբար էի ընթերցում, սակայն ոչ մէկին չէի կարողանում համոզել՝ ինձ նորից հայ էին ասում:
Նոյն կերպ են վարւել նաեւ մեր մեծերը: Պապիկիս հայրը թունդ հաւատացեալ էր, նոյնիսկ իմամ է եղել: Իսկ պապս, ապացուցելու համար, որ մահմեդական է, նոյնիսկ Մեքքա ուխտագնացութիւն է կատարել՝ ունեցած-չունեցածը ծախելու, երեխաներին սոված թողնելու գնով, բայց՝ ապարդիւն: Մեր ընտանիքին հայ են անւանում, Մուշում մեզ այդպէս էլ ճանաչում են:
12-13 տարեկան էի, գիւղից ընկերոջս հետ գնացել էի գետ՝ լողանալու: Յետոյ վիճեցինք, յանկարծ ինձ անւանեց «տըխա»: Իմաստը չգիտէի, սակայն զգում էի, որ իմ հայ լինելու հետ է կապւած: Նրան այնպէս ծեծեցի, որ խեղդւում էր: Երեք տարի առաջ միայն իմացայ, որ հայերէն «տղայ» բառն է: Մեծացել եմ մահմեդական միջավայրում, սակայն ես ինձ մահմեդական չեմ զգում:
Ձեռք բերեցի Նոր կտակարանի թուրքերէն թարգմանութիւնը, կարդացի, առանձնապէս շատ չտպաւորեց: Արարչին են հաւատում, բայց նրան ոչ ..... եմ գտել, ոչ էլ Նոր կտակարանում: Ծնւած օրից քրդերէն եմ խօսում, թուրքերէնը սովորել եմ դպրոցում, սակայն ինձ թուրք չեմ զգում, ոչ էլ՝ քուրդ: Հետզհետէ ծանրակշիռ է դառնում իմ հայկական ինքնութիւնը, սակայն հայերէն չգիտեմ: Այսինքն, չեմ կարող նաեւ հայ լինել: Բառի բուն իմաստով ինքնութեան խառնաշփոթի մէջ եմ: Ո՞վ եմ ես: Դպրոցում ամէն առաւօտ աշակերտներին կրկնել եմ տալիս՝ «թուրք եմ», սակայն դրա համար ամենեւին էլ երջանիկ չեմ:
Իմ մայրենի լեզուն քրդերէնն է, բայց ես քո՞ւրդ եմ: Կարո՞ղ եմ առանց մէկ բառ հայերէն իմանալու, այն էլ ոչ քրիստոնեայ լինելու պայմաններում, հայ դառնալ: Ծնողներս Մուշի Բուլանըխ գաւառի Լիզ գիւղից են: Մահմեդական մի քուրդ ընտանիք կարեկցել եւ պահել է պապիս հօրը՝ Խոսրովին եւ նրա մօրը՝ փրկելով կոտորածից: Մեր գերդաստանի անդամների մի մասը սպանւել են, միւսները՝ փախել:
Չգիտենք, թէ ուր: Ես մեր գերդաստանից երեք հոգու անունը գիտեմ: Դա էլ մեծ դժւարութեամբ իմացայ. պապս չէր ասում՝ կարծելով, որ այդ անունների հետ կմօռացւի նաեւ մեր հայ լինելը: Բուլանըխի Լիզ գիւղից Տիգրան, Գրիգոր եւ Խոսրով... Ո՞վ եմ ես: Հա՞յ, թո՞ւրք, թէ՞ քիւրդ: Գուցէ հարցի պատասխանը ընթերցողները տան»:

Հ. Չ.«
ԱԶԳ»

0 Պատգամ: