Monday, November 2, 2009

ՆԵՂՍՐՏԱԾ ԽՄԲԱԳԻՐԸ

ՆԵՂՍՐՏԱԾ ԽՄԲԱԳԻՐԸ


Յակոբ Աւետիքեանի «Ազգ» թերթից երէկ իմացանք, որ գրեթէ հարիւրամեայ խմբագիրը երեք աւանդական կուսակցութիւնների ղեկավարների հանդիպումը ՀՅԴ Բիւրոյի գրասենեակում որակել է որպէս չակերտաւոր միջկուսակցական բարձրագոյն մակարդակի հանդիպում:
Զուգադիպութեամբ պարոն Աւետիքեանն իր խմբագրականում, հաւանաբար հերսոտած, չակերտների մէջ է առել նաեւ Մայք Խարապեանի պարագան, այն է` Ռակ «Կենտրոնական վարչութեան» ատենապետ:
Թերեւս` ՌԱԿ-ՀՌԱԿ-ՌԱԿ (Արմենական) քաշքշուկի մէջ պարոն Աւետիքեանը, մեր հանրապետութեան բազմահազար քաղաքացիների եւ սփիւռքահայ բազմամիլիոն հայրենակիցների նման, դեռեւս չի ըմբռնել իր եւ իր օրաթերթի տեղը: Հակառակ պարագայում հաղորդագրութեան սեղմութիւնից չէր եզրակացնի, «?որ հանդիպման բովանդակութիւնից աւելի ՀՅԴ-ի համար կարեւոր է եղել բուն հանդիպման փաստը, որն իր հերթին ցուցանում է որպէս լիդեր կամ գերկուսակցութիւն ներկայանալու Դաշնակցութեան հին-նոր ձգտումը»:
Փորձառու լրագրողը պէտք է իմանայ, որ նման հանդիպումներ լինում են կողմերից մէկի հրաւէրով, անհրաժեշտութիւնից ելնելով եւ համապատասխան իրավիճակներում: Իրավիճակն է, որ քննութեան հարցեր է առաջադրել: Բայց այդ հարցերի մէջ խորանալու փոխարէն, Յ. Աւետիքեանը վերցրել ու Դաշնակցութեանը ներկայացրել է խառնակչի դերում. «Դաշնակցութիւնը վաղուց էր ձգտում Հայաստանի իշխանութիւնների հետ խօսել «սփիւռքատիրոջ» դիրքերից, սակարկել եւ ստանալ աւելի լուրջ լծակներ` այդ նպատակին ծառայեցնելով նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան եւ վերջինիս ենթակայ թեմերի` Մայր Աթոռի իրաւասութեան սահմանները առաւել կրճատելու յաւակնութիւնները, «Հայաստանը քեզ, Սփիւռքը` ինձ» մօտեցմամբ»:
Թաղային հեղինակութիւնների սակարկութիւն յիշեցնող «սա` ինձ, սա` քեզ» սկզբունքը, որին յանգել է Յ. Աւետիքեանը, այս պահին կարելի է կիրառել երկրի իշխանութիւնների մատի շարժումով պառակտւող-միաւորւող (այս էլ որերորդ անգամ) ՌԱԿ հայրենական խմբակներում, ում տակաւին անյայտ է, թէ ինչ ունեն նրանք կիսելու իրար հետ:
Գոնէ այդ գզվռտոցի մէջ, յուսանք, Յ. Աւետիքեանը չի մեղադրում ՀՅԴ-ին, ում համար մէկ ազգ - մէկ հայրենիք նշանաբանից դուրս չեն ոչ ռամկավարները, ոչ հնչակեանները, ոչ էլ նոյնիսկ ՀՀՇ-ականները:
Անկեղծ ասած` Մ. Խարապեանի եւ նրա կողմնակիցների մասին Յ. Աւետիքեանի բերած փաստերն ու թւերը չենք կարող ոչ հաստատել, ոչ ժխտել, բայց «Ազգ»-ի խմբագրականը մի իրավիճակ է բացայայտում ՀՀ նախագահի սփիւռքեան շրջագայութիւնից:
«ՀՀ նախագահի սփիւռքեան շրջայցի ժամանակ, երբ թէ՛ Բէյրութում, թէ՛ Նիւ Եորքում եւ թէ՛ Փարիզում ռամկավար ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում կողմ արտայայտւեցին Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների ստորագրմանը` հակառակ Մայք Խարապեանի եւ ընկերների ջանքերի...»,- գրում է Յ. Աւետիքեանը, բայց չի մանրամասնում, թէ այդ հանդիպումների ընթացքում որտեղ էին Մ. Խարապեանի ընկերները:
Եթէ նրանք փողոցում էին, հազարաւոր բողոքող հայերի մէջ, դժւար թէ թւով աւելի քիչ էին, քան հիւրանոցների սրահներում հաւաքւած «ճշմարիտ» ռամկավարները, ում անունից այսօր, կնէրէք, ճամարտակում է Յ. Աւետիքեանը:
Նայենք մէդալի միւս երեսին ու տեսնենք, ինչ է նշանակում Սփիւռքում աւանդական կուսակցութիւնների միասնութիւնը: Արդեօք նրանցից որեւէ մէկի մտքով անցնո՞ւմ է, հայաստանեան բարքերին այնքան յարիր «սա` ինձ, սա` քեզ» սկզբունքով, տարանջատել ազգային խնդիրները, արդեօք ՀՅԴ-ն, որ, ի փառս հայ ժողովրդի, հզօրագոյն կառոյց է, ՌԱԿ-ը կամ ՍԴՀ կուսակցութիւնը երբեւէ առաջնութեան հա՞րց են դրել Հայ Դատի բազմակնճիռ ոլորաններին, եւ, վերջապէս, յիշո՞ւմ է արդեօք Յ. Աւետիքեանը, որ Սփիւռքում մեր աւանդական կուսակցութիւններից մէկը տրոհվի, բաժանւի մասերի ու նրա տեղում ստեղծւի չիմանաս թէ ինչ:
Նման բան հնարաւոր է միայն Հայաստանում, պարոն Աւետիքեան:
Դուք լաւ գիտէք: Յիշո՞ւմ էք Տէր-Պետրոսեանի կոոպերատիվ դաշնակցութիւնը եւ նրան այդ կապակցութեամբ որեւէ թթու խօսք չասած ձեր թերթը: Դուք այսօր չէք ընդվզում նաեւ ձեր կուսակցութեան մէջ տեղի ունեցող ոչ աւանդական տեղաշարժերի դէմ: Աւելի լաւ է` մտածէք այս ուղղութեամբ եւ ոչ այն, որ իբր ՀՅԴ-ն աւանդական կուսակցութիւններին զոռով բերել էր իր գրասենեակ ու փորձում էր ընդգծել իր հեգեմոնութիւնը:


ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

0 Պատգամ: