ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՐԲԷՔ ՉԻ ԶՈՀԱԲԵՐԻ ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ


Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային ուսումնասիրութիւնների կենտրոնի (CSIS, Center of Strategic and International Studies) թղթակից անդամ, Թուրքիայի նախագծի հարցերով տնօրէն Բիւլենտ Ալիրիզան հարցազրոյց է տւել ադրբեջանական Trend News գործակալութեանը:
Թարգմանաբար ներկայացնում ենք այն ստորև:
- Ինչպէս, հաւանաբար, տեղեակ էք, Թուրքիայի արտգործնախարարութիւնը բողոքել է Հայաստանի Սահմանադրական դատարանի պայմանների դէմ, որոնք հակասում են երկու երկրների յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ արձանագրութիւնների դրոյթներին: Ինչպէ՞ս կը գնահատէք իրադրութիւնը:
- Դա սպասելի էր: Արձանագրութիւնները ստորագրելիս Թուրքիան յստակ ակնարկեց, որ քանի դեռ Հայաստանը չի սկսել իր զօրքերը դուրս բերել ադրբեջանական տարածքներից, փաստաթղթերն [օրէնքի] ուժ չեն ստանայ: Երևանն էլ փորձում էր տարանջատել այդ հարցերը: Հայաստանը փորձում է Թուրքիային անելանելի վիճակի մէջ գցել՝ հարցադրելով, թէ Անկարան, որը նախապէս գիտէր, որ արձանագրութիւնները չեն գործի, ինչու ստորագրեց դրանք:
Ներկայում ապրիլի մօտենալուն զուգահեռ՝ իրադրութիւնը բարդանում է: Նախագահ Օբաման անցած տարի չօգտագործեց «Ցեղասպանութիւն» բառը, քանի որ յոյս ունէր, թէ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրութիւնները կը վաւերացւեն: Մենք շատ բարդ ժամանակաշրջանի հետ ենք գործ ունենալու: Ե՛ւ Երևանը, և՛ Հայկական սփիւռքը սկսել են խստօրէն քննադատել Թուրքիային:
- Ուզում էք ասել, որ կարգաւորման գործընթացը ապարդի՞ւն է լինելու:
- Ամենասկզբից ես ասում էի, որ դա հնարաւոր չէ: Թուրքիան երբէք Ադրբեջանը չի զոհաբերի յանուն Հայաստանի: Սակայն տւեալ քայլով Անկարան ստուգեց այդ ուղին և այդ հնարաւորութիւնը: Եւ այժմ տեսնում ենք, թէ դա որքան բարդ է: Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ արձանագրուիւնները Թուրքիայի խորհրդարանում չեն վաւերացւի: Անկարան նոյնիսկ չի սկսել այդ գործընթացը և չի էլ սկսի, քանի դեռ հայկական զօրքերը դուրս չեն բերւել Ադրբեջանից: Տւեալ դէպքում Հայաստանը փորձում էր այնպէս անել, որ Թուրքիան և Ադրբեջանը վիճաբանութեան մէջ մտնէին, սակայն դա անյաջող քայլ էր:
- Ի՞նչ էք կարծում, Ադրբեջանն ինչպէ՞ս կը վարւի տւեալ իրադրութիւնում:
- Ադրբեջանի դիրքորոշումը ճիշտ էր: Բաքուն պարզապէս կողքից հետևում էր՝ փորձելով չվնասել խաղաղ գործընթացը: Սակայն դրա հետ մէկտեղ Ադրբեջանը երբէք չի համակերպւի իր տարածքի օկուպացիային, և Թուրքիան Ադրբեջանին միշտ կը սատարի այդ հարցում: Որոշ ժամանակ առաջ հարցը խիստ էր դրւած. կը լքի՞ արդեօք Թուրքիան Ադրբեջանին: Ժամանակը ցոյց տւեց, որ այս երկու երկրներն անբաժանելի են:
- Վերջին իրադարձութիւնների յետնապատկերին ի՞նչ կանխատեսումներ կանէք Թուրքիայի և Հայաստանի միջև յարաբերութիւնների զարգացման վերաբերեալ:
- Ժամանակը ցոյց կտայ: Թուրքիան նւազագոյնը կատարել է քայլ և ուսումնասիրել նոր հնարաւորութիւնները: Նախապէս Անկարայի դիրքորոշումը ենթադրում էր ստուգել, թէ արդեօ՞ք թուրք-հայկական յարաբերութիւնների մերձեցման փորձը կարող է օգնել ադրբեջանական տարածքներից հայկական զօրքը դուրս բերելուն: Սակայն դա տեղի չունեցաւ: Ընդհակառակը, Հայաստանը փորձեց միմեանցից տարանջատել Ադրբեջանն ու Թուրքիան: Անկարան իր հերթին ակնարկեց, որ մտադիր չէ խաղալ այս խաղը: Արդէն ակնյայտ փաստ է, որ Հայաստանի և Թուրքիայի նպատակները չեն համընկնում:

«ԿԱՊԻՏԱԼ»

0 Պատգամ: