Թուրք գործիչը Ֆրանսիայում տոյժի է ենթարկւել Հայոց Ցեղասպանութեան ժխտման համար



Աստղիկ Բեդեւեան,
Ռուզան Կիւրեղեան

Շիրմա Օրանը` յայտնի թուրք գիտնական Բաշքըն Օրանի դուստրը, ֆրանսիական դատարանի կողմից տուգանւել է 1500 եւրոյի չափով, քանի որ, ըստ թուրքական լրատւամիջոցների հաղորդումների, հրաժարւել է ասել, որ Օսմանեան կայսրութեան մայրամուտին` 1915 թւականին տեղի ունեցած իրադարձութիւնները ցեղասպանութիւն էին:
Շիրմա Օրանը սկզբում առաջադրել է իր թեկնածութիւնը Լիոնի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին մասնակցելու համար, ապա` հանել այն Հայոց Ցեղասպանութեան փաստը ճանաչելու պահանջով ճնշումների ներքոյ:
Բնութագրելով դատարանի վճիռը որպէս «ամօթալի», Շիրմա Օրանը յայտարարել է, թէ բողոքարկելու է այն Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում:
Ֆրանսիան այժմ մի նոր նախաձեռնութիւն է պատրաստում` Գերագոյն դատարանի կազմում կը գործի մասնագիտացւած առանձին դատարան, որը կզբաղւի միայն մարդկութեան դէմ գործած յանցանքներին, ցեղասպանութիւններին առնչւող գործերի քննութեամբ, - ֆրանսիական Le Mond-ի տեղեկացմամբ` այդ լուրը թերթին են փոխանցել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն ու արդարադատութեան նախարար Միշել Ալեո Մարին:
Նախարարները նշել են, որ Գերագոյն դատարանի կազմում այդ յատուկ ճիւղի ստեղծումը նախատեսւած է իրաւական համակարգի վերաբերեալ աւելի ընդհանուր օրէնքի նախագծով, որը խորհրդարանի կողմից քննարկւելու է 2010 թւականի առաջին վեց ամիսների ընթացքում:
Ըստ Քուշների եւ Ալեո Մարիի, այդպիսի օրէնքի ընդունումը նպատակ ունի արժեւորել միջազգային իրաւունքի սկզբունքները ազգային իրաւական համակարգում` յարգելով 1998 թւականի Հռոմի համաձայնագիրը:
Նշելով, որ մարդկութիւնը իրաւունք ունի պաշտպանւել ընդդէմ մոռացութեան, նախարարները ընդգծել են, թէ այն անձինք, որոնց հանդէպ կարելի է կասկած տածել ցեղասպանութիւն կատարած լինելու, պատերազմական եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների մէջ, պէտք է դատւեն: «Միայն արդարադատութիւնն է, որ թոյլ կտայ երեւան հանել ճշմարտութիւնը», - յաւելել են Ֆրանսիայի արտաքին գործերի եւ արդարադատութեան նախարարները:

*Լուսանկարում՝ Ֆրանսիա - Փարիզի հայկական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները համատեղ նշում են Հայոց Ցեղասպանութեան 94-րդ տարելիցը, 19-ը ապրիլի, 2009

0 Պատգամ: