Հայաստանում կայ 7000, Ռուսաստանում՝ 45 000 հայ թմրամոլ


15:30 • 26.05.10
2009թ. Հայաստանում գրանցւել է 1740 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են (թմրամոլների պաշտօնական թիւը որոշւում է ըստ բուժման համար դիմածների թւի)։
Այս մասին լրագրողերին տեղեկացրեց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկեանը, միաժամանակ, նշելով, որ այս տարի թմրամոլների թիւը կրկնապատկւել է։ Ասուլիսին, սակայն, նա ներկայացրեց միայն 2009թ. տւեալները։Սոցիոլոգը նկատեց, որ թմրամոլների թւի աւելացման միտումը պայմանաւորւած է նրանով, որ թմրամոլներն աւելի ազատ են դարձել թմրամիջոց օգտագործելու հարցում։
Ներկայացնելով նաև ոչ պաշտօնական տւեալներ՝ Ադիբեկեանը յայտնեց, որ Հայաստանում կայ 7000 թմրամոլ, որոնցից երկու տասնեակը կանայք են։
Tert.am-ի հարցին ի պատասխան, թէ ո՞ր թմրամիջոցներն են ամենաշատը օգտագործւում Հայաստաում, նա նշեց՝ մարիխուանան, իսկ, օրինակ, ֆինանսապէս կայացած մարդկանց շրջանում գործածւում է ափիոնը և կոկաինը։
Նա նաև յայտնեց, որ Հայաստանում շատ են տարածւած «կոաքսիլ» անւանմամբ դեղը, որի մէկ հաբի արժէքը 250 դրամ է. «Դա լաւ պաղպաղակի գին է»։ Նա նկատեց, որ այդպիսի թմրամիջոց օգտագործող մարդուն ամսական հարկաւոր է 15 հազար դրամ։
Ըստ Ադիբեկեանի՝ թմրամիջոցները Հայաստան են հասնում Միջին Ասիայից և Ադրբեջանից։ Նա նաև յայտնեց, որ Ռուսաստանում հայազգի թմրամոլների թիւը 45 հազար է։
Նշենք, որ ՄԱԿ-ի պաշտօնական տւեալներով թմրամիջոցների տարեկան շրջանառութիւնը ամբողջ աշխարհում կազմում է 400 միլիարդ դոլար։ Աշխարհում մարիխուանա է օգտագործում 142 միլիոն մարդ, սինթետիկ թմրամիջոցներ՝ 30 միլիոն մարդ, կոկաին՝ 13 միլիոն, իսկ հէրոին և օփիում՝ 8 միլիոն մարդ։

Tert.am

0 Պատգամ: