Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատրաստ է ճանաչել Հայաստանի 3 պետական բուհերի դիպլոմները
ՀՀ Կրթութեան և գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մայիսի 21-25-ը Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարած այցի արդիւնքները:

Նախարարը նշեց, որ պատւիրակութիւնը պաշտօնական հանդիպումներ է ունեցել ԻԻՀ-ի համապատասխան գերատեսչութիւնների ղեկավարների հետ` քննարկելու ներկայ և ապագայ համագործակցութիւնը, հանդիպում է կայացել նաև ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, որի ժամանակ ԻԻՀ նախագահին է փոխանցւել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի ողջոյնի ուղերձը:
«ԻԻՀ Գիտութիւնների և տեխնոլոգիաների զարգացման նախարարի հետ ձեռք է բերւել պայմանաւորւածութիւն` Հայաստանի և ԻԻՀ-ի միջև գիտութեան և բարձրագոյն կրթութեան ոլորտում համագործակցութեան 2011-13 թ-ին ծրագրի մասով»,- տեղեկացրեց Ա. Աշոտեանը և յաւելեց, որ նաև ստորագրւելու է նոր համաձայնագիր, որով իրաւական հիմք է տրւելու նաև այն ծրագրերին, որոնք քննարկւել են Իրանում:
Ըստ նրա, ԻԻՀ-ն կրթութեան ոլորտում կարևորում է Հայաստանում իրանցիների` որակեալ կրթութիւն ստանալու հնարաւորութիւնը:
«Քննարկումների արդիւնքում խնդիրը համարւեց լուծւած, այն է` ԻԻՀ գիտութիւնների և տեխնոլոգիաների հետազոտութեան նախարարութիւնը պատրաստ է ճանաչել մեր երեք պետական բուհերի` ԵՊՀ, ԵՊԲՀ, ՀՊՃՀ դիպլոմները»,- ընդգծեց ԿԳՆ նախարարը:
26.05.2010, 20:23
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment