Եւրամիութիւնը Մինսկի խմբին կարող է դուրս բերել փակուղուց

15:59 • 25.05.10
Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, պատգամաւոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն ԼՂՀ հիմնախնդրի լուծման իւրօրինակ առաջարկով է հանդէս գալիս։
Այսօր Եւրոպայի հայկական միութիւնների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորեանի հետ համատեղ ասուլիսին Միկլոշկոն մանրամասնեց իր ծրագիրը, որն առաջիկայում նախատեսում է ներկայացնել Եւրամիութեանը։
Ըստ այդմ՝ Եւրամիութիւնը պէտք է Հայաստանին, Ադրբեջանին և ԼՂՀ-ին ասոցիատիվ անդամակցութիւն առաջարկի։ «Եւրամիութեան օգնութեամբ այս երեք հանրապետութիւնները կարող են շատ արագ անցնել բարեփոխումների ճանապարհով, տնտեսական վերելք ապրել և կարճ ժամանակ անց պատրաստ լինել Եւրամիութեանն անդամակցելուն։ Շատ կարևոր է, որ այս մասին տեղեկացւի նաև Ադրբեջանը, որպէսզի նրանք համոզւած լինեն, որ հարցի խաղաղ լուծումն իրենց կբերի և՛ նիւթական, և՛ բարոյական, և՛ մշակութային մեծ յաջողութիւններ։ Հակառակ դէպքում կոնֆլիկտի շրջանակներում մշտապէս պէտք է բռունցքներ թափահարւեն միմեանց վրայ»,- ընդգծեց նա։
Ըստ Միկլոշկոյի՝ չափազանց կարևոր է, որ ԼՂ հիմնախնդրի մասին շատ խօսվի Եւրամիութիւնում, որպէսզի հիմնախնդրի շուրջ ակտիւ քննարկումներ ծաւալւեն։
Նա նաև ասաց, որ իր տարբերակը չի հակասում Մինսկի խմբի գործունեութեանը. «Մինսկի խումբը բացառիկ կարևոր դեր է խաղում հիմնախնդրի լուծման գործում։ Մենք ուզում ենք ակտիւացնել հարցի լուծումը։
Այսօր ԼՂ կայունութիւնն ամբողջովին բացատրւում է տեղի իշխանութիւնների պրոֆէսիոնալիզմով և Մինսկի խմբի բաւականին յաջող աշխատանքով»։
Ըստ պատգամաւորի՝ եթէ Եւրամիութիւնն ընդունի այս առաջարկը, ապա կաջակցի Մինսկի խմբի աշխատանքին, քանի որ Մինսկի խումբը փակուղու առաջ է կանգնել։
Բանախօսը նաև նախազգուշացնում է. «Եթէ Եւրամիութիւնը Ղարաբաղեան հարցը բաց թողնի իր ձեռքից, դա կլինի առաջին նախադէպը, որի շարունակութիւնը կլինի Եւրամիութեան կործանումը։ Ապագան կոնֆլիկտների մէջ չէ, այլ համագործակցութեան։ Կամ Եւրամիութիւնը դա կը հասկանայ կամ խնդիրները միմեանց հետևից կը զարգանան»։

Tert.am

0 Պատգամ: