Մանկապիղծ ուսուցիչը դատապարտւեց երկու տարւայ ազատազրկման

17:03 • 24.05.10
Երևանի Էրեբունի և Նուբարաշէն համայնքների ընդհանուր իրաւասութեան դատարանի այսօր հրապարակած դատավճռով՝ Նուբարաշէնի թիւ 11 յատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Աւագեանը դատապարտւեց երկու տարւայ ազատազրկման։ Նա մեղադրւում է ՀՀ Քրէական օրէնսգրքի 142-րդ յօդւածի 1-ին և 2-րդ մասերով։
Մինչև դատավճռի հրապարակումը դատաւորը մանրամասն տեղեկատւութիւն ներկայացրեց Աւագեանի անառակաբարոյ գործողութիւնների մասին։ Դատարանն ապացուցւած համարեց այն, որ Նուբարաշէնի թիւ 11 յատուկ դպրոցում Հայոց լեզւի և գրականութեան ուսուցիչ աշխատելու ընթացքում Աւագեանը 2006-2008թթ. 16 տարին չլրացած աշակերտուհիների նկատմամբ բռնի անառակաբարոյ գործողութիւններ է կատարել։
Դատավճռի հրապարակման պահին դահլիճում էին իրաւապաշտպան կազմակերպութիւնների ներկայացուցիչներն ու ակտիւիստները, որոնք բացականչում էին. «Քիչ է, քեզ քիչ է անասուն։ Բա տնօրէ՞նը»։ Լսելով վճիռը և իրեն ուղղւած մեղադրանքները՝ մանկապիղծ ուսուցիչը յուզմունքի նշաններ ցոյց տւեց։
Նախքան դատական նիստի մեկնարկը իրաւապաշտպան կազմակերպութիւնների ներկայացուցիչներն ու ակտիւիստները դատարանի բակում բողոքի ակցիայ էին կազմակերպել՝ «Մենք պահանջում ենք արդար դատավարութիւն», «Վերջ մանկապղծութեանը», «Ցմահ բանտարկութիւն», «Առաւելագոյն պատիժ», «Կանաչ լո՞յս մանկապղծութեան համար» բովանդակութեամբ պաստառները պարզած։
ՄԱԿ-ի «10 լաւագոյն դպրոցներ» ծրագրով Նուբարաշէնի թիւ 11 յատուկ դպրոցում որպէս կամաւոր աշխատած Մարիամ Սուխուդեանը Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ Աւագեանը շուրջ 20 տարի նոյն դպրոցի աշակերտուհիների նկատմամբ անառակաբարոյ գործողութիւններ է իրականացրել։ «Երեխաներն էին մեզ պատմում այդ մասին, այնինչ դպրոցի տնօրէնն ասում էր, թէ դա երեխաների վառ երևակայութեան արդիւնքն է, սերիալ է»,- նշեց Սուխուդեանը։
Ըստ նրա՝ նշւած դպրոցի անձնակազմը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկում երեխաներին, հարկադիր աշխատեցնում։ Բացի այդ, դպրոցի տնօրէնը, ըստ Սուխուդեանի, անօրինականութիւններով է զբաղւում. «Նորմալ երեխաների փաստաթղթերը կեղծում է, նրանց մտաւոր թերզարգացած ներկայացնում և պետութիւնից մեծ գումարներ կորզում»։

Tert.am

0 Պատգամ: