Ազատազրկման կամ փախուստի մէջ գտնւող միլիարդատէրի ցանկը՝ ըստ Forbes–ի

Forbes ամսագիրը հրապարակել է ճաղերի յետևում յայտնւած կամ հետախուզման մէջ գտնւող աշխարհի 11 ամենահարուստ մարդկանց անունները։
Այդ ցանկում են սնանկ յայտարարւած ЮКОС նաւթագազային հսկայի բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցիչներ Միխայիլ Խոդորկովսկին և Պլատոն Լեբեդևը։ Խոդորկովսկին ժամանակին համարւում էր Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ 15 միլիարդ դոլար կարողութեամբ, իսկ Լեբեդևը միայն մէկ անգամ է յայտնւել միլիարդատէրերի ակումբում։ Նրանք ութ տարով ազատազրկման են դատապարտւել 2005թ.՝ մեքենայութեան և հարկերից խուսափելու, 2006թ.՝ 350 միլիոն տոննայ նաւթ իւրացնելու մեղադրանքով։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց մեղքը՝ նշելով, որ դրանք քաղաքական շարժառիթներ ունեն։
Մինչև վերջերս Չինաստանի ամենահարուստ քաղաքացին համարւող Խուան Գուանիւեան, 2008թ. նոյնպես համալրեց հարուստ բանտարկեալների շարքերը. մայիսին նա դատապարտւեց 14 տարւայ ազատազրկման՝ ֆինանսական տարաբնոյթ մեքենայութիւնների և պաշտօնեաներին 600 հազար դոլարից աւելի կաշառք տալու համար։
Ամերիկացի միլիարդատէր Ալէն Ստենֆորդը յաւակնում է դատապարտւել ռեկորդային ժամկէտով ազատազրկման՝ 250 տարի 8 միլիարդ դոլարի չափով ֆինանսական բուրգ ստեղծելու համար։
10 տարի ճաղերի հետևում է անցկացնելու իտալացի միլիարդատէր Կալիստո Տանցին՝ իրեն պատկանող Parmalat ընկերութիւնը արհեստականօրէն սնանկացնելու և մեքենայութիւնների միջոցով մեծ կարողութիւն դիզելու համար։ Տանցին գեղանկարների աշխարհի լաւագոյն հաւաքածուներից մէկի սեփականատէրն էր, սակայն դատավճիռն ուժի մէջ մտնելուց յետոյ նրա հաւաքածուն առգրաւեցին։
Որոշ միլիարդատէրերի վրայ, սակայն, ազատազրկումն այդքան թանկ չնստեց։ Ամերիկացի Ալֆրեդ Թաուբմանին բանտում ինն ամիս անցկացնելուց յետոյ յաջողւեց վերադառնալ միլիարդատէրերի ակումբ, իսկ ահա Մարթա Ստիւարտին չորս ամիս ազատազրկումը խոշոր գումարներ բերեց. նրան պատկանող Martha Stewart Living Omnimedia ընկերութեան բաժնէտոմսերի արժէքը 2 անգամ աճեց՝ դարձնելով նրան միլիարդատէր։
Ցուցակի երեք միլիարդատերեր փախուստի մէջ են՝ մեքսիկացի թմրաբարոն Խոակիմ Գազման Լորեան, թուրք գործարար Քեմալ Ուզանը և Թայլանդի նախկին վարչապետ Թաքսին Չինավատը, որը մեղադրւում է ահաբեկչութեան մէջ։

Tert.am

0 Պատգամ: