Թարմացւում է Երևանի աւտոբուսային պարկը

Երևանի ներքաղաքային աւտոբուսային և միկրոաւտոբուսային երթուղիներում պայմանագրային հիմունքներով ուղևորափոխադրումներ է իրականացնում մասնաւոր 66 կազմակերպութիւն:
Ներքաղաքային վերգետնեայ ուղևորատար տրանսպորտի միասնական երթուղային առկայ ցանցում ընդգրկւած է աւտոբուսային 32, տրոլեյբուսային 6 և միկրոաւտոբուսային 115 երթուղի: Օրական, միջին հաշւով, երթուղի է դուրս գալիս 250-280 աւտոբուս, 50 տրոլեյբուս և աւելի քան 2100 միկրոաւտոբուս:
Երևանի քաղաքապետարանն ակտիւացնում է աշխատանքները մայրաքաղաքի վերգետնեայ ուղևորատար տրանսպորտի վիճակը բարելաւելու ուղղութեամբ: Ինչպէս Aysor.am-ին յայտնեց Քաղաքապետարանի տրանսպորտի վարչութեան երթևեկութեան կառավարման բաժնի պետ Յարութիւն Մելքումեանը, օրերս ներկրւել են «Հունդայի» մակնիշի 14 փոքր դասի աւտոբուսներ, որոնք արդէն շահագործւում են և փոխարինել են N86 երթուղին (Աւան-Առինջից դէպի Էրեբունու զանգւած) սպասարկող թւով 28 միկրոաւտոբուսներին: Նա յիշեցրեց, որ վերջերս «Բոգդան» մակնիշի 15 աւտոբուս էր ներկրւել, որոնք այժմ շահագործւում են N72 երթուղու (Մերգելեան ինստիտուտից դէպի գիւղ Մուշաւան) թւով 23 միկրոաւտոբուսների փոխարէն:
Յ. Մելքումեանի խօսքով, քաղաքապետարանը շարունակում է տարբեր պետութիւնների աւտոբուս արտադրող գործարանների հետ բանակցութիւններ վարել` մոնիտորինգ անելու և պարզելու համար, թէ ինչ աւելի մատչելի և աւելի յարմարաւէտ աւտոբուսներ կարելի է ներկրել:
«Նպատակն է աստիճանաբար կրճատել միկրոաւտոբուսների քանակը և աւելացնել աւտոբուսներինը»,- նշեց Յ. Մելքումեանը:
Նա տեղեկացրեց, որ հնարաւոր է մինչև տարւայ վերջ կրկին աւտոբուսներ ներկրւեն, սակայն թէ ստոյգ որքա՞ն, դժւարացաւ ասել` վստահեցնելով, որ «աշխատանքներ տարւում են»:
«Բոլոր երթուղիներում էլ, եթէ կարողանանք միկրոաւտոբուսները փոխարինել աւոտբուսներով, շատ աւելի լաւ կլինի մեր մայրաքաղաքի բնակչութեան սպասարկումը բարելաւելու առումով` և՛ որակապէս, և՛ յարմարաւէտութեան տեսանկիւնից»,- ասաց Յ. Մելքումեանը:
Այն դիտարկմանն ի պատասխան, որ մայրաքաղաքում երթևեկող չինական աւտոբուսները շատ դանդաղաշարժ են, Յ. Մելքումեանը վստահեցրեց. «Ներկրւած «Բոգդանն» ու «Հունդային» աւելի արագաշարժ են, իսկ հետագայում այլևս դանդաղաշարժ չի ներկրւի, իսկ եթէ նոյնիսկ չինական էլ ներկրւի, ապա` աւելի լաւ պարամետրերով»:
Յիշեցնենք, որ 2009 թ. ծրագրով նախատեսւած էր ներկրել 250 աւտոբուս, որից տարեսկզբին ներկրւել էր ընդամենը 12-ը: 2010 թ-ին նախատեսւում է ներկրել, ընդհանուր առմամբ, 50-60 նոր աւտոբուս:

Aysor.am

0 Պատգամ: