Կրծքի քաղցկեղի դէմ պատւաստաշիճուկ է մշակւել

18:03 • 31.05.10
Ամերիկացի գիտնականները մշակել են կրծքի քաղցկեղի դէմ պատւաստաշիճուկ, որը մկների վրայ կատարւած փորձի արդիւնքում ցոյց է տւել ընդգծւած պրոֆիլակտիկ էֆեկտ։ Ինչպէս յայտնում է The Times-ը, դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրայ նախատեսւում է սկսել ոչ ուշ, քան երկու տարուց։
Որպէս կանոն, հակաուռուցքային պատւաստաշիճուկի պատրաստումը դժւարանում է նրանով, որ քաղցկեղի բջիջների հակագէները մարդու օրգանիզմի համար օտարածին չեն և սեփական իմունային համակարգը դրանց դէմ չի պայքարում։
Իէյլի և Քլիվլենդի համալսարանների և Լերների հետազոտական ինստիտուտի գիտնականները դեղամիջոցը պատրաստելու ժամանակ որպէս հակագէն ընտրել են α-լակտալբումին սպիտակուցը, որը մեծ քանակութեամբ արտադրւում է կրծքի քաղցկեղի բջիջների կողմից, ինչպէս նաև կրծքով կերակրելու ժամանակ կաթնագեղձի նորմալ էպիթելային հիւսւածքներում։
Փորձի շրջանակում գէնային ինժեներիայով ստացւած 6 մկների, որոնց մօտ մեծացւել է կրծքի քաղցկեղի վտանգը, ներարկւել է α-լակտալբումին պարունակող դեղամիջոցը։ Նոյնքան մկներ էլ ստացել են պլացեբօ։ Ներարկումից յետոյ 10 ամսւայ ընթացքում բոլոր փորձա–մկների մօտ զարգացել է կաթնագեղձի քաղցկեղ։ Դեղամիջոցն ընդունած կենդանիների մօտ ուռուցքի նշաններ չեն նկատւել։Հետազոտութեան ղեկավար Վինսենտ Տուոհին ասել է, որ նոր պատւաստաշիճուկը նախատեսւում է ներարկել 40-ից բարձր տարիքի կանանց՝ հաշւի առնելով, որ այդ տարիքում կրծքով կերակրելու հաւանականութիւնը նւազում է, իսկ քաղցկեղի զարգացումը՝ մեծանում։
«Մեր կարծիքով՝ կրծքի քաղցկեղը լիովին կանխարգելւող հիւանդութիւն է»,- յայտարարել է Տուոհին։

Tert.am

0 Պատգամ: