Բրայզան պաշտոնապէս առաջադրւեց
Հայ Դատի Յանձնախումբը Զգուշութեան Կոչ է Անում

10:39 • 26.05.10
Սպիտակ Տունը պաշտօնապէս առաջադրել է Մաթիւ Բրայզայի թեկնածութիւնը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում։ Ներկայում նա ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականն է և մինչև վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր։
Ինչպէս գրում է Asbarez.com կայքը, Բրայզան, որն ամուսնացած է ազգութեամբ թուրք Զէյնօ Բարանի հետ, միշտ սերտ յարաբերութիւնների մէջ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և քաղաքական վերնախավի հետ։ Պարբերականը յիշեցնում է, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում նրա միջնորդական ջանքերը յաճախ աչքի են ընկել յստակ ադրբեջանամէտ կողմնորոշմամբ։
Այս կապակցութեամբ արդէն յայտարարութեամբ է հանդէս եկել Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համփարեանը։ «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը և Սենատը նրա թեկնածութիւնը հաստատելիս մեծ ուշադրութեամբ կուսումնասիրեն պրն Բրայզայի կարիէրան, ինչպէս նաև հարցաքննութեան ընթացքում նրա տւած պատասխանները»,– ասել է նա՝ ընդգծելով, որ ամերիկահայերը մի շարք մտահոգութիւններ ունեն «ամերիկեան դիւանագիտութիւնում Բրայզայի պահւածքի առնչութեամբ»։
Նշենք, որ Բրայզայի թեկնածութիւնը նախ պէտք է հաստատի Արտաքին Յարաբերութիւնների յանձնաժողովը, ապա Սենատը։

Tert.am

0 Պատգամ: