Հայ-ֆրանսիական բարեկամութեան ջրանցք` Տավուշի մարզում


«Հայաստան» համահայկական հիմնադրամը մաիսի 22-ին հանդիսաւոր պայմաններում բացեց Հայ-ֆրանսիական բարեկամութեան ջրանցքը Տավուշի մարզում: Միջոցառման պատւաւոր հիւրն էր Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ-դը-Սեն նահանգի գլխաւոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևէջեանը:
Ներկայ էին նաև Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի անդամներ` ատենապետ Պետրոս Թերզեանի գլխաւորութեամբ, ովքեր ծրագրի իրականացման ողջ գործընթացում անգնահատելի աւանդ ունեն:
Ինչպէս հաղորդում են հիմնադրամի տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի բաժնից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով և Օ-դը-Սենի նահանգային խորհրդի ֆինանսաւորմամբ 15 կիլոմետր ձգւող Խաշթառակ-Լուսահովիտ-Դիտաւան ջրագիծը վերակառուցւել է և աւելացւել 500 մետրով, ինչի արդիւնքում լուծւել է երեք համայնքների աւելի քան 600 հեկտար հողերի ոռոգման հարցը: Ի պատիւ բարերարների ջրագիծը վերանւանւել է և կոչւում է Հայ-ֆրանսիական բարեկամութեան ջրանցք:
Ջրանցքի վերագործարկումը երկար սպասւած իրադարձութիւն էր տեղացիների համար, և երեք համայնքների բնակիչները` փոքրից մինչև տարեց, հաւաքւել էին հիւրերի հետ կիսելու իրենց ուրախութիւնը: Միջոցառմանը ներկայ էին նաև Հայաստանի Հանրապետութեան փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը, Հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը, Տավուշի մարզպետ Արմէն Ղուլարեանը, շահառու համայնքների ղեկավարներ և այլոք:
Պատրիկ Դևէջեանին ուղեկցում էր Օ-դը-Սեն նահանգային խորհրդի ընդդիմադիր թևը ներկայացնող մէկ այլ հայազգի գործիչ` Պատրիկ Ալեքսանեանը: Յատկանշական է, որ յօգուտ Տավուշի դրամաշնորհ տրամադրելու նախագծի նահանգի խորհուրդի իշխող և ընդդիմադիր թևերը քւէարկել էին միաձայն:
Յիշեցնենք, որ Պատրիկ Դևէջեանը հիւրընկալւել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչութիւնում, որտեղ և առաջին անգամ յայտարարեց, որ այսուհետ Օ-դը-Սեն նահանգի կողմից իւրաքանչիւր տարի գիւղական համայնքների զարգացման համար Հայաստանին կտրամադրւի 500 000 եւրօ դրամաշնորհ` պայմանով, որ գումարները արդիւնաւէտ օգտագործւեն: Նա նաև նշել էր, որ իր և պարոն Ալեքսանեանի այցի գլխաւոր նպատակը նախորդ դրամաշնորհով իրականացւած ծրագրերի արդիւնքներին տեղում ծանօթանալն է: Ջրանցքի բացման առիթով իր ելոյթում պարոն Դևէջեանը հաւաստեց, որ լիովին բաւարարւած է իրականացւած աշխատանքներով և ևս մէկ անգամ ընդգծեց Հիմնադրամի հետ համագործակցութիւնը շարունակելու իրենց հաստատակամութիւնը:
Փոխվարչապետ Արմէն Գէորգեանը կառավարութեան անունից շնորհակալութիւն յայտնեց Օ-դը-Սեն նահանգային խորհրդից Տավուշի գիւղական համայնքների տնտեսական զարգացմանն իրենց նպաստը բերելու համար: Իր խօսքում նա մասնաւորապէս նշեց, որ չկայ գիւղատնտեսութիւն առանց ջրի, և փաստեց ջրանցքի կարևորութիւնը շահառու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում:
Հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը, դիմելով հաւաքւածներին, յոյս յայտնեց, որ ոռոգում ստացած այգիների բերքն ու բարիքը շուտով կգրաւի Երևանեան շուկան:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզեանը նոյնպես դիմեց հաւաքւածներին. «Դուք այստեղ էք` սահմանին շատ մօտ, և բազմաթիւ դժւարութիւններ էք յաղթահարում, մենք` սփիւռքահայերս, շատ հեռու ենք այս սահմանից, բայց հեռաւորութիւնը ոչ թէ նւազեցնում, այլ կրկնապատկում է ձեզ սատար լինելու մեր պարտքը»:
Ոռոգման հարցի կարգաւորումից բացի Օ-դը-Սենի տրամադրած դրամաշնորհով տեղի գիւղատնտեսներին յատկացւել է Հայաստանի համար նորոյթ հանդիսացող մշակաբոյսերի և պտղատու ծառերի տնկիներ` խուրմա, շողպար, ճապոնական զկեռ, այլևայլ յատուկ տեսակներ, որոնցից ստացւած բերքի իրացումն ապագայում խոստանում է եկամուտ ապահովել գիւղացիներին: Օրինակ, տարեկան երեք անգամ բերքատւութիւն ապահովող մառա-դե-բուա տեսակի ելակն արդէն իսկ իրացւում է տեղական շուկայում:
Ներկայումս «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տավուշի գիւղական համայնքների զարգացման ծրագիրն ընդլայնում է շահառու վեց գիւղերի ցանկը ևս ութով, ընդգրկելով` Գետահովիտ, Վազաշէն, Այգեհովիտ, Կայան, Սարիգիւղ, Բերքաբեր, Ծաղկաւան, Սևքար համայնքները: Եզրափակիչ փուլում են գտնւում Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի բանակցութիւնները Օ-դը-Սեն նահանգի հետ, որոնց արդիւնքում ակնկալւում է յաջորդ դրամաշնորհն ուղղել Այգեհովիտ-Վազաշէն ջրանցքի վերակառուցմանը և ընդլայնմանը, ինչպէս նաև տնկարանի, ջերմոցների և գիւղատնտեսական սարքաւորման երկու բազաների հիմնմանը:



24.05.2010, 19:24
Aysor.am

0 Պատգամ: