Վահան Յովհաննիսեան.–
Եւրախորհրդարանի զեկոյցը վտանգում է տարածաշրջանի կայունութիւնը
«Պարոն Կիրիլովի զեկոյցը սխալ միջամտութիւն է Մինսկի խմբի ջանքերին»
22:32 • 24.05.10
Եւրախորհրդարանի «Հարաւային Կովկասում ԵՄ ռազմավարութեան անհրաժեշտութեան մասին» զեկոյցը խոչընդոտ է ԵՄ «Արևելեան գործընկերութիւն» քաղաքականութիւնն իրականացնելու ճանապարհին:
Ելոյթ ունենալով մայիս 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացւած «Եւրամիութեան արևելեան քաղաքականութիւնը. նոր հնարաւորութիւններ, նոր պատասխանատւութիւններ» խորհրդաժողովում` այս մասին յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը:
«Եւրանեսթի ԽՎ-ն (EU-Neighbourhood East Parliamentary Assembly) համարւում է Եւրախորհրդարանի և 6 գործընկեր երկրների խորհրդարանների միջև կամուրջ: Բայց այդ կամուրջն իսկապէս վտանգւած է: Ինտեգրման գործընթացում կան մի քանի խոչընդոտներ, սակայն ես կնշեմ միայն վերջերս ի յայտ եկած մի խոչընդոտ, որն ամբողջովին խաթարում է «Արևելեան գործընկերութիւնը»: Այդ խոչընդոտը Հարաւային Կովկասում ԵՄ ռազմավարութեան անհրաժեշտութեան մասին» զեկոյցն է: Զեկուցողը Եւգենի Կիրիլովն է, որը ներկայ է այստեղ:
Զեկոյցը հակասում է, այսպէս կոչւած, Մադրիդեան սկզբունքներին, Մինսկի խմբի համանախագահների գործունէութեանը և Մայնդորֆեան հռչակագրին, յատկապէս` վերջերս ընդունւած փաստաթղթերին` «Արևելեան գործընկերութեան՚ Պրագայի գագաթաժողովի համատեղ յայտարարութեանը և Քաթրին Էշթոնի յայտարարութեանը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ ասոցացւած անդամութեան մասին համաձայնագրեր կնքելու բանակցութիւնների վերաբերեալ:
Պարոն Կիրիլովի զեկոյցը սխալ միջամտութիւն է Մինսկի խմբի ջանքերին, քանի որ այն, հիմնւած լինելով Ղարաբաղեան հակամարտութեան միայն մի կողմի` Ադրբեջանի շահերի վրայ, պարունակում է ամբողջ տարածաշրջանի կայունութիւնը խախտելու վտանգ:
Մեր գործընկերներից մէկն ասել է, թէ եւրաինտեգրման քաղաքականութիւնը հիմնականում փողի և օժանդակութեան հարց է: Նկատելի է, որ պարոն Կիրիլովի կողմնակալ զեկոյցի վրայ մեծապէս ազդել են այն շրջանակները, որոնց բոլորովին չեն հետաքրքրում տարածաշրջանի խաղաղութիւնը, հաւասարակշռութիւնը և կայունութիւնը:
Մեզ համար, սակայն, Եւրոպայի հետ ինտեգրումը միայն փողի հարց չէ: Դա նաև մեր յոյսերի, հաւատարմութեան և ձգտումների հարցն է: Եւ երբ մենք տեսնում ենք անարդար, միակողմանի, չհաւասարակշռւած մօտեցում, ինչպիսին պարոն Կիրիլովի զեկոյցն է, յոյսերը հօդս են ցնդում, իսկ ձգտումները` մարում»,- յայտարարել է Վ. Յովհաննիսեանը:Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ մամլոյ դիւանը:

Tert.am

0 Պատգամ: