Ադրեջանական դրօշը` Ստեփանակերտի ռազմական թանգարանում

Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի այն յայտարարութիւնը, որում ասւում է, թէ «Արցախեան հիմնահարցի կարգաւորման գործընթացի բանակցութիւնների աւարտական փուլը կլինի այն ժամանակ, երբ ադրբեջանական դրօշը ծածանւի Ստեփանակերտում»` ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կից հասարակական խորհրդի անդամ, հոգեբանական գիտութիւնների թեկնածու Դաւիթ Ջամալեանն այն անւանեց «յուսահատական»:
«Պատմութեան մէջ դժւար է գտնել մի ժողովուրդ, որն իր պետականութեան կերտման վերելքի ճանապարհին հրաժարւում է պետականութիւնից և ինքնակամ գնում է ստրկացման»,- ընդգծեց Դ. Ջամալեանն ու յաւելեց, որ այդ մասին շատ լաւ հասկանում են նաև Ադրբեջանում:
Ըստ Դ. Ջամալեանի` Ադրբեջանի արդգործնախարարի յայտարարութիւնը, որն ի դէպ արւել է Արցախի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, «ներքին ուղղւածութիւն ունի, որպէսզի իրենց հանրոյթի ոգին պատշաճ մակարդակի պահի` ի ցոյց դնի, որ իրենք այնուամենայնիւ վճռական են իրենց տեսակէտն առաջ տանելու մէջ, որպէսզի անխուսափելին` Արցախի կորուստը, չյուսահատեցնի այն ադրբեջանցիներին, ովքեր դեռ հաւատում են, թէ երբևէ հնարաւոր է Ադրբեջանին միացնել Արցախը»:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ յայտարարութիւնը յուսահատ յայտարարութիւն է, որովհետև դժւար թէ այնպիսի զարգացումներ լինեն, որ ադրբեջանական դրօշը յայտնւի Ստեփանակերտում», - շեշտեց Դ. Ջամալեանն ու, ամփոփելով իր խօսքն, ասաց. «Այդպիսի դրօշ կարող է լինել միայն Ստեփանակերտի ռազմական թանգարանում»:

ԱՅՍՕՐ, 13:09
Aysor.am

0 Պատգամ: