Նախկին «կուկուռուզնիկի» տեղում ճապոնացի ճարտարապետը կըգրկի Երևանը

14:53 • 25.05.10
Նախկին «Երիտասարդական պալատի» տեղում նոր հիւրանոցային համալիր կառուցելու նպատակով կազմակերպած մրցոյթի յաղթող է ճանաչւել ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային (Arai Architects)։
Արայիի ներկայացրած նախագիծն իր մէջ ներառում է «ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան» հիւրանոցային համալիր, միջազգային գործարար կենտրոն, բնակարային համալիր։ Ճապոնացի ճարտարապետը մանրամասն ուսումնասիրել է հայկական ճարտարապետութիւնը, այցելել Հայաստան։
Ըստ Արայիի՝ երբ ինչ–որ բան կամ ինչ–որ մէկը դուր է գալիս միւսին, վերջինը բացում է իր գիրկը նրա առջև, կարելի է ասել, գրկում է նրան։ Այս մօտեցումը ճարտարապետն օգտագործել է նաև նախագծի վրայ աշխատելիս։ «Իմ կողմից ներկայացւած աշխատանքը, կարծես թէ, գրկում է քաղաքը, գրկում է ձեզ», – պարզաբանեց նա։
Ճարտարապետը ներկայացրեց իր միւս մտայղացումները, որոնք տեղ են գտել նախագծում։ Այսպիսով, նախագծով նախատեսւած շէնքերի պատուհանների 95 տոկոսը նայում են Արարատին։ Բացի դրանից, Արարատի երկու գագաթները ճարտարապետը նոյնպէս օգտագործել է իր նախագծում։ Գագաթներից մէկը՝ բարձրայարկ հիւրանոցն է, իսկ երկրորդը՝ բնակարային համալիրը։
Համաձայն նախագծի՝ համալիրն ամբողջութեամբ բացւում է այցելուների համար Տերեան փողոցից։ Երեք հիմնական շէնքերը միանում են հրապարակով։ Նոյն տեղայնքում նախատեսւում է նաև երկու հազար աւտոմեքենայի կայանատեղի։ Հարկ է նշել, որ շինարարութեան մէջ Արային նախատեսում է օգտագործել հայկական քարերը՝ համալրելով մետաղեայ կառոյցներով և օգտագործելով նոր, ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ։
Կազմակերպչական հարցերին պատասխանեց համալիրի պատւիրատու՝ «Աւանգարդ մոթօրս» ընկերութեան տնօրէն Էդգար Աւետիսեանը։ Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի համաձայնութիւնը ստանալուց յետոյ կսկսւի համալիրի կառուցումը, որը կը տևի մօտ 3–4 տարի։ Աւետիսեանը նաև նշեց, որ ներդրումային ծրագիրը կազմում է 200 միլիոն ԱՄՆ դոլար։
Յիշեցնենք, որ 2009թ. «Երիտասարդական պալատի» տեղում նոր հիւրանոցային համալիր կառուցելու նպատակով յայտարարւել էր միջազգային մրցոյթ, որի առաջին փուլն աւարտւել էր այս տարւայ Յունւարին։ 274 աշխատանքներից առաւելագոյն միաւորներ էին ստացել 6 ճարտարապետական լուծումներ։ Եզրափակիչ փուլին մասնակցել է միայն 4 աշխատանք։ Մրցութային յանձնաժողովի անդամներն են Երևանի քաղաքապետը, գլխաւոր ճարտարապետը, Հայաստանի ճարտարապետների միութեան նախագահն ու սեփականատէրը։

Tert.am

0 Պատգամ: