Վարդգէս Գասպարին այսօր կշարունակի նստացոյցը


11:13 • 29.05.10
Երէկ վերաբացւած Ազատութեան հրապարակում բախում է տեղի ունեցել ընդդիմադիրների և ոստիկանութեան միջև։ Ակցիայի մասնակիցները՝ նախկին քաղբանտարկեալ Վարդգես Գասպարին և Հայ ազգային կոնգրէսի մի խումբ երիտասարդներ, բողոքել են Հայաստանում մարդու իրաւունքների ոտնահարման, բանակում, կալանավայրերում և քաղբանտարկեալների նկատմամբ խոշտանգումների դէմ, և «Ա1+»–ի բացման համար։
Մի կողմից ընդդիմադիրները, միւս կողմից՝ կարմիրբերետաւորներն ու ոստիկանները միաժամանակ մուտք են գործել Ազատութեան հրապարակ։
Վերջիններս պահանջել են դադարեցնել ակցիան և ազատել Ազատութեան հրապարակը: Ակցիայի մասնակիցներն ընդդիմացել են, ինչին ի պատասխան ոստիկանները դիմել են բռնութեան՝ փորձելով Ազատութեան հրապարակից հեռացնել ընդդիմադիրներին, իսկ Կոնգրէսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետեանին հեռացրել են հրապարակից` ոլորելով ձեռքերը: Վլադիմիր Կարապետեանը քիչ ուշ, իհարկէ, կրկին միացել է ակցիայի մասնակիցներին։
Ի նշան ոստիկանական գործողութիւնների դէմ բողոքի՝ Վարդգէս Գասպարին պառկել է գետնին՝ ձեռքին պահած «1+1+1...» բովանդակութեամբ գրութիւն: Այնուհետև Գասպարիի կողքին են նստել ընդդիմադիր ակտիւիստ աղջիկներ, որոնց նոյնպէս ոստիկանները քաշքշել են։ Որոշ ժամանակ անց նրանք դադարել են միջամտել ակցիային։ Վարդգէս Գասպարին յայտարարել է, որ այսօր, ժամը 18-ին, պատրաստւում է նստացոյց անել Ազատութեան հրապարակում։
ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելեանը Tert.am–ի հետ զրոյցում ասաց, որ իրենք պատրաստւում են մի քանի օր էլ նախազգուշական նստացոյց անել, որից յետոյ նստացոյցը կարող է դառնալ շուրջօրեայ։ Տիգրան Առաքելեանն ընդգծեց, որ սա Հայ ազգային կոնգրէսի որոշումը չէ, սա Վարդգէս Գասպարիի նախաձեռնութիւնն է, որին մի խումբ ՀԱԿ անդամ երիտասարդներ միացել են անհատական նախաձեռնութեամբ։
Հարցին, թէ ինչ պատճառաբանութեամբ էին իրենց հրապարակից հանում ոստիկանները, մեր զրուցակիցն ասաց՝ «առանց պատճառաբանութեան, ասում էին՝ գնացէք Սարեանի արձանի մօտ»։
Ակցիայի աւարտին մինչև հրապարակից դուրս գալը ընդդիմադիրները տարածքը մաքրել են թղթերից, որոնց վրայ նստել էին։
Յիշեցնենք, որ երէկ Հայաստանում տօն էր. նշւում էր Առաջին Հանրապետութեան 92–ամեակը։

Tert.am
Լուսանկարը՝ Գագիկ Շամշեանի

0 Պատգամ: