Արամ Մանուկեանի տունը կը վերածւի
տուն–թանգարանի
Այս տարի մայիսի 28-ին' Հայաստանի առաջին հանրապետութեան հռչակման տարեդարձի օրը, լրանում է նաև առաջին հանրապետութեան հիմնադիրներից մէկի' Արամ Մանուկեանի ծննդյան 130-ամեակը:
Այս կապակցութեամբ «Միտք» վերլուծական կենտրոնը նախաձեռնել է «Արամ Մանուկեանի հետ' գինու սեղանի շուրջ» տօնական հանդիպումը, որը տեղի է ունեցել Արամ Մանուկեանի տան առջև (Արամի 9):
Հանդիպմանը ներկայ էին քաղաքական և հասարակական գործիչներ։ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագէտ Վահէ Սարգսեանը նշել է, թէ կարևոր են համարում, որ ներկայ սերնդի մէջ արմատաւորւի պետականամետութեան և հայրենասիրութեան գիտակցութիւնը, ինչի համար առաջին հերթին պէտք է վերարժևորել Հայաստանի առաջին հանրապետութեան գործիչներին։
-Կարծում եմ, որ մեծ բաց ունենք այսօր, քանի որ մեզ մօտ առկայ է այն գիտակցութիւնը, թէ մենք անընդհատ պէտք է խաբենք պետութեանը, այն աչքով չնայենք պետութեանը, քանի որ դա մեզ մօտ արմատացել է դարերով։ Մենք դարերով ապրել ենք օտարի լծի տակ՝ Օսմանեան կայսրութեան, պարսկական շահի կամ ռուսական ցարի թագաւորութեան ներքոյ, և մենք սովորել ենք, որ պէտք է խաբենք ու չենթարկւենք մեզ համար օտար պետութեանը։
Այսօր ժամանակն է հասկանալու, որ մեր պետութեան ղեկին նստած են մեր կողմից ընտրւած հայազգի անձնաւորութիւններ, և մենք սիրելով մեր պետութիւնը՝ մեր անվտանգութիւնն ենք ապահովում,-նշել է Վ. Սարգսեանը։
Նա նշել է նաև, որ իրենց հաւաստի տեղեկութիւնների համաձայն՝ շէնքը, որտեղ ապրել է Արամ Մանուկեանը, անմխիթար վիճակում չի մնալու։ Այն գնւել է սփիւռքահայ բարերարների կողմից և շուտով վերածւելու է Արամ Մանուկեանի տուն թանգարանի։

7or.am

0 Պատգամ: