Հայաստանն ամէն ինչ կանի, որ Արցախի Հանրապետութիւնը միջազգայնօրէն ճանաչւի


13:44 • 25.05.10
«Հայաստանի կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը ժամանակավրէպ է։ Մեր նպատակը ոչ թէ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետութիւնը ճանաչելը, այլ՝ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումն է»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտւղար, ԱԺ պատգամաւոր Էդւարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ Հայաստանը որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր՝ ամէն ինչ անելու է, որպէսզի այն միջազգայնօրէն ճանաչւի։
Անդրադառնալով Արցախի խորհրդարանական ընտրութիւնները չճանաչելու վերաբերեալ Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի յայտարարութիւններին՝ Շարմազանովը յիշեցրեց. «Անցած տարի ԵԱՀԿ 56 նախարարներն Աթէնքում ընդունել են յայտարարութիւն և սկզբունքներ, որտեղ շատ յստակ նշւած է և՛ ուժի չկիրառումը, և՛ ազգերի ինքնորոշման իրաւունքը։
Ռուսաստանի արտգործնախարար պարոն Լավրովը Երևանում յայտարարեց, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը»։
ԱԺ ԲՀԿ խմբակցութեան անդամ Արամ Սաֆարեանն էլ նկատեց, որ միջազգային հանրութեան շրջանում լայնօրէն տարածւում է այն տեսակէտը, որ առանց բանակցային գործընթացին ԼՂ ներկայացուցիչների մասնակցութեան՝ էական առաջընթաց չի լինի։
«Եթէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում որևէ նոր առաջ մղող էլեմէնտ պէտք է լինի, ապա դա Ղարաբաղի մասնակցութիւնն է։ Այդ տրամաբանութեամբ է, որ եթէ մենք ուզում ենք մօտենալ վերջնագծին, ապա Ղարաբաղի մասնակցութիւնն ուղղակի պարտադիր է»,- ընդգծեց նա։
Ըստ Սաֆարեանի՝ եթէ Ղարաբաղի մասնակցութիւնը բանակցային գործընթացին չապահովւի, գործընթացը կմտնի փակուղի, որից դուրս գալը շատ դժւար կլինի։
Tert.am

0 Պատգամ: