Տօնակատարութիւններ


նւիրւած Հայ մանրանկարիչ


Մոմիկի 750-ամեակին



Հոկտեմբեր 4, 2010թ. 12:58 Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանը հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզում էր, որտեղ տեղի են ունեցել հայկական վերածննդի ժամակաշրջանի Հայ մանրանկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի 750-ամեակին նւիրւած տօնակատարութիւնները։ Օրբելեան իշխանական տան եկեղեցանիստ Նորավանքի վանքային համալիրի տարածքում տեղի է ունեցել Մոմիկի թանգարանի բացման արարողութիւնը, որտեղ կառավարութեան ղեկավարը շնորհաւորել է ներկաներին թանգարանի բացման առթիւ։ Թանգարանի ցուցադրութեանը ծանօթանալաց յետոյ կայացել է Մոմիկի 750-ամեակին նւիրւած պետական յանձնաժողովի յոբելեանական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, յանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսեանը։ Վարչապետին զեկուցւել է կառավարական յանձնաժողովի կողմից նախատեսւած ծրագրի կատարման ընթացքի և հետագայ անելիքների մասին։ Ամփոփելով յոբելեանական նիստը` Տիգրան Սարգսեանը նշել է. «Մենք արձանագրում ենք, որ բոլոր այն միջոցառումները, որ յանձնաժողովը հաստատել էր, ի կատար են ածւել, և որոշ միջոցառումներ էլ ընթացքում են։ Մեր քաղաքացիներին զանգւածային լրատւութեան միջոցներով փորձել ենք ներկայացնել Մոմիկի ժառանգութիւնը։ Իրականացւած միջոցառումները` թէ՛ երիտասարդների այցելութիւնները, թէ՛ մրցոյթները, թէ՛ կրթաթոշակի սահմանումը, այդ մասին են վկայում»։
Վարչապետը Եղէգնաձոր քաղաքում մասնակցել է Մոմիկի 750-ամեակին նւիրւած բացօթեայ համերգային ծրագրին։ Մոմիկի 750-ամեակի տօնակատարութիւններին զուգահեռ Վայոց Ձորում տեղի է ունեցել նաև բերքի տօն, որը Եղէգնաձորում նշւում է 1965 թւականից ի վեր։ Այս առիթով ևս կառավարութեան ղեկավարը շնորհաւորել է մարզի բնակիչներին և նշել, որ նման տօնակատարութիւններն այլևս պէտք է աւանդական դարձնել։ Այնուհետև 8 վայոցձորեցիներ Մոմիկի ծննդեան 750-ամեակի միջոցառումներին ակտիւ մասնակցելու և Վայոց Ձորի մշակութային կեանքի զարգացման գործում ունեցած աւանդի համար արժանացել են վարչապետի խրախուսանքներին։
Բերքի տօնի առթիւ կազմակերպւած ցուցահանդէսում շրջելուց յետոյ Տիգրան Սարգսեանը յարակից ճեմուղում ծառ է տնկել և այցելել Մոմիկի յուշարձանին։
Վարչապետի յաջորդ կանգառը 1968 թւականին կառուցւած և 1998 թւականին վերանորոգւած Եղէգնաձորի երկրագիտական թանգարանն էր, որտեղ հիւրերին ծանօթացրեցին շրջանում հնագիտական պեղումների գտածոներին։ Մոմիկի ծննդեան տօնակատարութիւններին նւիրւած ծրագրի շրջանակներում պէտք է իրականացւի նաև թանգարանի ջեռուցումը։
Տիգրան Սարգսեանն այցելել է «Գլաձորի համալսարանի պատմամշակութային արգելոց-թանգարան (սբ. Յակոբ եկեղեցի, XIII-XIVդդ.), որտեղ ունկնդրել է երիտասարդ կատարողների կողմից ներկայացւող Հայ դասական երաժշտութեան կատարումներ և գրառում է թողել պատւաւոր հիւրերի յուշամատեանում։


0 Պատգամ: