Հարցազրոյց երգչուհի


Ալլա Լևոնեանի հետ




* Դուք յայտնի էք հայրենասիրական բնոյթի Ձեր երգերով։ Դրանք հիմնականում պատւէ՞ր են լինում, թէ՞ ինքնաբուխ։
**Հիմնակում ինքնաբուխ է լինում, բացի մի երգից՝ «Գնայ ու կռւիր», որը պետական պատւէր էր՝ նւիրւած մեր բանակի 16-ամեակին։ Մօտաւորապէս 15 երգ պատւիրեցին՝ այդ թւում և դա, որը, ի դէպ, գրել եմ 5 րոպէի ընթացքում։ Ես միաժամանակ գրում եմ և՛ երաժշտութիւնը, և՛ խօսքերը։ «Շարմից» եկան, լսեցին ու անմիջապէս վերցրեցին՝ ոչ մի բառ չփոխելով։ Յետոյ պետական այրերը լսել էին, հաւանել էին, և ըստ այդմ նկարահանւեց տեսահոլովակը՝ 4-5 օրում՝ Հոկտեմբերեանի պոլիգոններում։ Ես չեմ ասի, թէ յաճախ եմ գրում։ Չեմ կարող ինքս ինձ կեղծել. երբ գալիս է պահը, գրում եմ։
* Ինչպէ՞ս էք վերաբերւում այն բանին, որ արւեստագէտները, երգիչ-երգչուհիները մասնակացում են նախընտրական քարոզարշաւներին։
** Նորմալ եմ վերաբերւում, որովհետև երգիչները, բացի երգիչ լինելուց, նաև ՀՀ քաղաքացի են և իրաւունք ունեն ունենալ իրենց կողմնորոշումը, բայց չէի ուզենայ, որ շատ երկար տևէր այդ գործընթացը։ Գուցէ մէկ-երկու անգամ նկարահանւեն ու ասեն, որ պաշտպանում են այս կամ այն թեկնածուին, բայց չթողնեն երգն ու միայն դրանով զբաղւէին։
* Իսկ Դուք նկարահանւե՞լ էք նման հոլովակներում։
** Չեմ յիշում։ Կարծեմ՝ մէկ անգամ ՀՀԿ-ի ընտրարշաւին եմ մասնակցել։ Իսկ եթէ դէմ լինէի, երբէք չէի մասնակցի։ Ես, ընդհանրապէս, իմ կեանքում ոչ մի բան չեմ անում իմ կամքից դուրս։ Այդպէս եմ ճիշտ գտել՝ արել եմ։ Երբէք ինքս ինձ դէմ չեմ գնայ, որովհետև ոչ մէկից ո՛չ կախւածութեան մէջ եմ, ո՛չ էլ պարտաւորւածութիւններ ունեմ։ Ես անում եմ այնպէս, ինչպէս ճիշտ եմ գտնում։
* Փաստօրէն պաշտպանել էք ՀՀԿ-ին։ Իսկ իչպէ՞ս էք գնահատում ՀՀԿ առաջնորդ , ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի վարած արտաքին քաղաքականութիւնը։
* * Դա այնքան բարդ հարց է։
* Որպէս ՀՀ քաղաքացի՝ Ձեր կարծիքն ասէք։
** Դէ, արդէն այն, որ պատերազմ չէ... Մենակ թող խաղաղութիւն լինի, մնացածն իր տեղը կընկնի։ Կոնկրէտ եթէ Ղարաբաղի մասին ենք խօսում, ապա ես գոհ եմ, եթէ կարողանանք պահել այս վիճակը, որովհետև շատ դժւար է։ Կովկասեան որևէ երկիր՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն այսպիսի քաղաքականութիւն և այսպիսի ճիշտ վիճակի մէջ չեն կարող պահել ամէն ինչ՝ ունենալով նաև ներքին լարւածութիւն։ Մենք միշտ լարւած ենք և՛ ներսում, և՛ դրսում։ Ես շատ գոհ եմ։
* Ասում էք՝ խաղաղութիւն էք ուզում։ Իսկ ազատագրւած տարածնքերի վերադարձին կո՞ղմ էք, թէ՞ դէմ։
** Աստւա՛ծ չանի։ Չի՛ կարելի։ Ո՛չ մի թիզ հող։ Երբէ՛ք։
* Այդ դէպքում ինչպէ՞ս էք գոհ ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականութիւնից, երբ նա յայտարարում է, թէ հայկական կողմի փոխզիջում կարող է դիտւել Ղարաբաղի շուրջը գտնւող ազատագրւած շրջանների վերադարձն Ադրբեջանին։
** Չեմ կարող պատասխանել։ Չեմ լսել՝ ինքը բառացի ինչ է ասել։
* Մէջբերեմ բառացի. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանայ իր ինքնորոշման իրաւունքն իրագործելու իրական հնարաւորութիւն, և ստեղծւէն անվտանգութեան ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտւել Ղարաբաղի շուրջը գտնւող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկէ, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։ Ի՞նչ կասէք։
** Եթէ ինչ-որ մի տարածք կայ, որ իրենց է պատկանում՝ իրենց հողն է, այլ ոչ թէ հայկական է, բայց մեր ձեռքին է, և որ դա տանք, կարող ենք դրանից օգուտ քաղել միգուցէ։ Բայց ամէն դէպքում ինչը որ հայի հողն է, ես չէի ուզենայ, որ իրենց յանձնւէր։
* Հիմա ազատագրւած 7 շրջանները հայկակա՞ն հող են, թէ՞ ոչ։
** Հայկական են, բայց կան հողեր, որ հայերինը չեն եղել, բայց այդ ալիքի տակ մեր ձեռքին են, եթէ մենք դա տանք, բայց դրա դիմաց կարող է Հայ-թրքական յարաբերութիւններում ինչ-որ բան փոխւել... Այնքան բարդ է... Միանշանակ ոչինչ չես կարող ասել՝ մէկը միւսին շաղկապւած է։ Ամէն դէպում, այս ամէնը մեր ազատագրողների, մեր զինւորների, մեր ֆիդայիների արեամբ է արւել, և ես չէի ուզենայ, որ որևէ թիզ տայինք։
* Եթէ նման որոշում կայացւի, ինչպէ՞ս կվարւէք։
** Չգիտեմ։ Այդ պահին պէտք է հարցնէք։


Զրոյցը վարեց Հեղինէ Յարութիւնեանը
7օր



0 Պատգամ: