Դաւութօղլու.-
Հայ-թրքական գործընթացը
կշարունակւի այնքան ժամանակ,
քանի դեռ Կովկասում
խաղաղութիւն չի հաստատւել

18:07 • 04.10.10
Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն Անկարայի համար աւարտւած չէ: Այս մասին, թրքական Dogan («Դողան») գործակալութեան փոխանցմամբ, այսօր Գամբիայի արտգործնախարարի հետ հանդիպումից յետոյ կազմակերպւած համատեղ մամուլի ասուլիսին յայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Ահմեթ Դաւութօղլուն:
Լրագրողի հարցին, թէ «արդեօ՞ք Շւէյցարիան հեռախօսային դիւանագիտութիւն է վարում կողմերի միջև և արդեօ՞ք մեկնարկելու է նոր գործընթաց», Թուրքիայի արտգործնախարարը յայտարարել է.
«Գործընթացն աւարտւած չէ, որ նոր գործընթաց սկսւի: Դա մեզ համար շարունակւող գործընթաց է, երբևէ չի աւարտւել և չի աւարտւելու այնքան ժամանակ, քանի դեռ Կովկասում չի հաստատւել խաղաղութիւն»:
Յիշեցնենք, որ օրեր առաջ թրքական Hurriyet օրաթերթը տեղեկութիւն էր տարածել այն մասին, որ Շւէյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ներկայացուցիչները Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը վերականգնելու համար օրերս հեռախօսազրոյց են ունեցել իրենց Հայ և թուրք գործընկերների հետ:
«Շւէյցարիան որոշ ժամանակ առաջ մեզ հետ հեռախօսակապ է հաստատել և տեղեկացրել, որ ցանկանում է վերսկսել սառեցւած գործընթացը: Մենք փոխանցեցինք, որ մեզ համար որևէ խնդիր չկայ: Կարելի է ասել, որ նոյն առաջարկութիւնը նրանք արել են նաև Երևանին»,- Hurriyet-ի հետ զրոյցում նշել էր թրքական արտաքին քաղաքական գերատեսչութեան անանուն ներկայացուցիչը։Իսկ Tert.am-ի հարցին, թէ որքանով է թրքական լրատւամիջոցի տարածած տեղեկութիւնը համապատասխանում ճշմարտութեանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը պատասխանել էր. «արձանագրութիւնների վերաբերեալ որևէ բանակցութիւն չի ընթանում»։

Tert.am

0 Պատգամ: