ԵԽԽՎ նստաշրջանում
կքննարկվւի
Լեռնային Ղարաբաղի
հարցը
«Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինութիւնների մրցավազքի հրահրումը և կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»

Հոկտեմբերի 4-ին Ստրասբուրգում մեկնարկած Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում կքննարկւեն նաև Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Վրաստանին առնչւող հարցեր:
Ինչպէս հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը, ԵԽԽՎ Մոնիթորինգի յանձնաժողովի նիստերի դահլիճում կքննարկւի Հայաստանի կողմից Երևանում 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ ԵԽԽՎ բանաձևի կատարումը:
Ընթացող նստաշարջանի օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթայանձնաժողովի գործունէութիւնը:
«Ենթայանձնաժողովի գործունէութեան հարցը ես մտադիր եմ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի պատւիրակութիւնների հետ: Հանդիպումների արդիւնքների հիման վրայ ելոյթ կունենամ ԵԽԽՎ Բիւրոյի նիստում` ուրբաթ օրը», - ըստ Թրնեդ գործակալութեան, յայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն:
Յիշեցնենք, որ Հայաստանը դէմ է ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթայանձնաժողովի գործունէութեանը` գտնելով, որ կարիք չկայ կրկնօրինակել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառոյթները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչութեան ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանութիւնները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգութեան ուժերի (ԿԳԲ-ի յատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածաւալ ռազմական գործողութիւններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարաւոր զոհերի և զգալի նիւթական կորուստների: 1994թ. կնքւեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգաւորման շուրջ բանակցութիւնները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդութեամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացւած մադրիդեան առաջարկութիւնների հիման վրայ:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինութիւնների մրցավազքի հրահրումը և կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

ԱՅՍՕՐ, 10:26
Aysor.am

0 Պատգամ: