Աղթամարի Սուրբ Խաչը՝


առանց խաչի


Սեպտեմբերի 19-ին, երբ համայն հայ ժողովուրդը իր աչքերը սեւեռած դէպի Աղթամար կղզի՝ անձկութեամբ հետեւում էր Ս. Խաչ եկեղեցու ճակատագրին, Քրեսենտա հովտի (ԱՄՆ) Հայոց Առաքելական Ս. Եկեղեցու Դաստիարակչական յանձնախումբը գեղեցիկ գաղափար էր յղացել՝ նոյն օրը կազմակերպելու համահայկական տարողութիւն ունեցող եւ օրւայ ամենահրատապ հարցը հանդիսացող «Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԱՐԱԳԸ՝ ԿՐՕՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻ՞ՒՆ ԹԷ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ» դասախօսութիւն-քննարկումը՝ ազգային բազմավաստակ գործիչ Յարութ Սասունեանի մեկնաբանութեամբ:
Արդարե՛ւ, յաւարտ ս. պատարագի եւ պատշաճ հիւրասիրութեան՝ ներկաները շտապեցին՝ տեղ գրաւելու ազգային առաջնորդարանի դահլիճում, ուր տեղի էր ունենալու դասախօսութիւնը:Լուսի Սանոսեանը, յանուն Քրեսենտա հովտի Հայց. Առաք. Ս. Եկեղեցու Դաստիարակչական յանձնախմբի, ներկաներին բարի գալուստ մաղթելուց յետոյ՝ համառօտ ակնարկ նետեց Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատմութեանը, ապա ներկայացրեց հասարակական հանրածանօթ գործիչ, բազմակի շքանշանակիր, «Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ Յարութ Սասունեանի կենսագրականը եւ բեմ հրաւիրեց նրան՝ ունկնդրելու անհամբեր սպասւած այս դասախօսութիւնը:
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին, որ կերտւել է 10-րդ դարում, Արեւմտահայաստանում, Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի կողմից կառուցւած 2538 հինաւուրց եկեղեցիներից եւ 451 պատմական վանքերից ԻՒՆԵՍԿՕ-ի պահպանւող յուշարձանների ցուցակում տեղ գտած եւ կանգուն մնացած սակաւաթիւ կոթողներից մէկն է: Յ. Սասունեանը վերադառնալով այս քաղաքական ներկայացման սկիզբը հանդիսացող 2007 թւականը՝ նշեց, որ թուրքերը ի ցոյց արեւմտեան պետութիւնների՝ սկսեցին վերանորոգել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին՝ հանդէս գալով որպէս հայասէր եւ ազգային փոքրամասնութիւնների ու պատմական յուշարձանների պաշտպան:
Սակայն, Ս. Խաչ եկեղեցու վերաբացումը որպէս թանգարան եւ տարին մէկ պատարագ մատուցելու իրաւունքը, բնականաբար, անընդունելի էր հայ ժողովրդի կողմից: Պրն. Սասունեանը արդար հպարտութեամբ նշեց, որ սկզբից մինչ այսօր ինքը անդրդւելի է մնացել իր երեք սկզբունքային պայմաններում.
1 - Ս. Խաչը պաշտօնապէս պէտք է ճանաչւի որպէս ԵԿԵՂԵՑԻ՝ իր գմբէթին մշտական խաչի տեղադրումով, եւ ոչ թէ թանգարան:
2 - Ս. Խաչ եկեղեցին պէտք է տնօրինւի անմիջապէս Պոլսոյ հայոց պատրիարքարանի կողմից եւ ոչ թէ՝ Թուրքիոյ զբօսաշրջիկութեան նախարարութեան:
3 - Ս. Խաչ եկեղեցում պէտք է մատուցւեն հերթական օրինաւոր պատարագներ: Եւ իր այս սկզբունքային պայմանները հիմնաւորեց ասելով. «Եթէ 2007 թւականից առաջ Ս. Խաչ եկեղեցում դեռեւս կարելի էր աղօթել, ապա թանգարանի վերածւելուց յետոյ՝ հնարաւոր չի լինի այնտեղ աղօթել եւ մոմ վառել, որովհետեւ որպէս թանգարան՝ կը վերահսկւի ոստիկանութեան կողմից՝ թանգարանների պահպանման ներքին օրէնքների համաձայն»:
Ապա Յ. Սասունեանը պարզեց սեպտ. 19-ի պատարագին առնչւող մեր Նւիրապետական Ս. Աթոռներում ստեղծւած իրավիճակը:Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, առանց երկմտելու եւ տատամսելու, կայացրեց իր խիզախ որոշումը, մերժելով Կիլիկեան միաբանութեան մասնակցութիւնը այս քաղաքական խեղկատակութեան:
Ս. Էջմիածինը, ընդառաջելով Պոլսոյ հայոց պատրիարքութեան հրաւէրին, դժբախտաբար, համաձայնել էր իր մասնակցութիւնը բերել մէկ եպիսկոպոսով եւ մէկ վարդապետով: Երուսաղէմի պատրիարքութիւնը մտադիր էր մասնակցել արարողութեան՝ Աղթամար ուղարկելով մի բարձրաստիճան հոգեւորականի:Իրօք, շատ նուրբ կացութիւն էր ստեղծւել եւ հայ ժողովրդից պահանջւում էր ծայր աստիճանի զգօնութիւն:
Հարցը հետեւեալն էր՝ 2007 թւականին Պոլսոյ պատրիարք Տ. Մեսրոպ արք. Մութաֆեանի կողմից պատրաստւած խաչը երեք տարուց ի վեր պահւում էր Վանի թանգարանում: Թուրքական պետութիւնը խոստացել էր այն տեղադրել Ս. Խաչ եկեղեցու գմբէթին՝ սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագից առաջ: Եւ ահա, պատարագին կարճ ժամանակ էր մնացել, երբ հասաւ ցնցիչ լուրը: Թուրքական կառավարութիւնը, դրժելով իր տւած խոստումը, որոշում է խաչը տեղադրել ոչ թէ եկեղեցու գմբէթին, այլ շրջափակի գետնին՝ առաջ քաշելով անհիմն պատճառներ:
Պատճառների շարքում են տեղադրւելիք խաչի ծանրութիւնը, իտալացիների կողմից վերանորոգւած եկեղեցու գմբէթի դիմադրողականութիւնը խաչի ծանրութեան եւլն: Տեսնում էք, ինչպիսի նրբազգացութիւն եւ հոգատարութիւն՝ հայկական եկեղեցու անվտանգութեան նկատմամբ...
Եւ խաչը, նոյնիսկ եկեղեցու շրջափակից, ցոյց տւեց իր զօրութիւնը՝ մէկ բռունցք դարձնելով հայ ժողովրդին:Արդարե՛ւ, յուրախութիւն բոլորիս՝ Մայր Աթոռն ու Երուսաղէմի պատրիարքութիւնը առկախեցին իրենց մասնակցութիւնը թուրքական այս քաղաքական նպատակներ հետապնդող տգեղ շոուին: Ապա անդրադառնալով Հայաստանի պետութեանը՝ Յարութ Սասունեանը նշեց, որ Երեւանը այս հարցի կապակցութեամբ մինչեւ վերջ պահեց լռութիւն՝ բացառութեամբ ՀՀ արտաքին գործերի եւ մշակոյթի նախարարութեանց համանման յայտարարութիւնների: Մենք մասնակցելու հրաւէր չենք ստացել:
Թուրքական կառավարութիւնը հաւանաբար անդրադառնալով իր սխալին՝ պատարագից մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանի գրասենեակը յիսուն հրաւիրագրեր է ուղարկում մեր հայրենաբնակ հասարակական կազմակերպութիւնների ղեկավարներին, մամլոյ ներկայացուցիչներին եւ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագրին՝ մասնակցելու սեպտ. 19–ի արարողութեանը՝ խոստանալով հոգալ իրենց երթեւեկի ու կեցութեան բոլոր ծախսերը:
Սակայն, Ս. Խաչը իր զօրութեամբ փակել էր բոլոր հրաւիրեալների ճանապարհը՝ դէպի Աղթամար: Յ. Սասունեանը այնուհետեւ դրւատանքով նշեց Հայաստանի Հանրային խորհրդի մերժողական կեցւածքը, բարձր գնահատեց սեպտ. 19-ին Ծիծեռնակաբերդում կայացած եկեղեցական արարողութիւնն ու ժողովրդական հաւաքը եւ ներբողեց Հայ Ասպետների Արագածի գագաթին կատարած բողոքի ցոյցը՝ միաժամանակ ընդունելով, որ հայ ժողովուրդը կարող էր աւելին անել:
Յ. Սասունեանն իր խօսքն աւարտեց՝ ողջ հայութեանը կոչ անելով միասնական ուժերով տէր կանգնել մեր սրբութիւններին եւ պատմական հողերին՝ յամառօրէն պահանջելով մեր արդար իրաւունքների առաւելագոյնը, եւ այս պահանջատիրութեան արդար իրաւունքը սրբութեամբ կտակելու մեր յաջորդ սերունդներին:Դասախօսութեան աւարտին տեղի ունեցաւ շատ հետաքրքիր ու կառուցողական քննարկում: Յ. Սասունեանը մեծ ուշադրութեամբ լսեց ներկաների կողմից ներկայացւած առաջարկները եւ համբերութեամբ ու սիրով պատասխանեց իրեն ուղղւած բոլոր հարցերին՝ դրանց տալով յստակ եւ համոզիչ պատասխաններ:Համոզւած եմ, որ Սփիւռքում հայ մշակոյթին նւիրւած որեւէ ձեռնարկ, ի մասնաւորի նման համահայկական տարողութեամբ, վկայութիւն է մեր կենսունակ գոյութեան եւ գոյատեւելու մեր աննկուն կամքի ու ցանկութեան:
Ահա թէ ինչպիսի ազգապահպան եւ շնորհակալ աշխատանքի են նւիրւած են Քրեսենտա հովտի Հայց. Առաք. Ս. Եկեղեցու հոգեւոր մատակարար Տ. Արտակ քհնյ. Դեմիրճեանը, հոգաբարձութիւնն ու Դաստիարակչական յանձնախումբը՝ ԱՄՆ-ի Արեւմտեան թեմի առաջնորդ Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանի բարձր հովանու ներքոյ:
Վարձքներդ կատար:

ՆԱԶԱՐԷԹ ԿԻՐԱԶԵԱՆ

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: