Ադրբեջանահայերը դատապարտում
են ԵԱՀԿ ՄԽ քաղաքականութիւնը
Ադրբեջանահայ փախստականները դիմում-նամակ են ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որում դաշտային առաքելութեան անցկացման հետ կապւած դժգոհութիւն ու անվստահութիւն են յայտնում: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին տեղեկացրին Ադրբեջանահայերի լիազօր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտէի խորհրդատու Հրանուշ Խառատեանը և «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպութեան նախագահ Գրիգորի Այւազեանը:
Ըստ Հ.Խառատեանի`ադրբեջանահայ փախստականներն այսօր համոզւեցին, որ իրենց իրաւունքներն ու շահերը անտեսւած են թէ՛ Հայաստանի իշխանութիւնների, թէ՛ միջազգային կառոյցների կողմից, ուստի նրանց մնում է սեփական շահերն ինքնուրոյն պաշտպանել:
«2004 թւականից մինչև այսօր, 16 տարի շարունակ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանահայ փախստականների հարցը որևէ կերպ, որևէ ֆորմատով ոչ ձևակերպւել է, ոչ քննարկւել, փոխարէնը օրակարգում մշտապէս եղել են Ադրբեջանի փախստականների խնդիրները»,- ասաց բանախօսը: Նա յաւելեց, որ պէտք է քնարկւէին այն հարցերը, թէ երբ և ինչպէս են առաջացել Հայ և ադրբեջանցի փախստականները:
«Ակնյայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելութիւնը միակողմանի բնոյթ է կրում, քանի որ Հայ փախստականների հետ որևէ հանդիպում չի եղել»,- նշեց Ադրբեջանահայերի լիազօր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտէի խորհրդատուն:
Ի տարբերութիւն Հ.Խառատեանի, Գրիգորի Այւազեանը գտնում է, որ «ադրբեջանցի փախստական» գոյութիւն չունի, նրանք ուղղակի «կոմպբատանտ» են (Aysor` պատերազմի մասնակից)` պատերազմական գործողութիւնները հրահրած և դրանց մասնակից: ««Լեռնային Ղարաբաղի յարակից տարածք» հասկացողութիւն չկայ, հայկական բանակը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս չի եկել: Իսկ այդ տարածքներում մինչ այդ բնակւող ադրբեջանցի թուրքերն ու ադրբեջանցի քրդերը պատերազմել են և մասնակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչութեան շրջափակմանը: Նրանք, փաստացի`պատերազմող կողմ են, այլ ոչ թէ «խաղաղ բնակչութիւն»,- նշեց բանախօսը:
«Ադրբեջանահայերի ասամբլեայ» ՀԿ նախագահը նաև ընդգծեց, որ ադրբեջանահայութեան խնդիրը փախստականների հետ կապւած հարցերի շրջանակներում պէտք է առանձնացւի, քանի որ ադրբեջանաբնակ հայութիւնը փախստական է դարձել մինչև Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսւելը` Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան հետևանքով:
Գ.Այւազեանը ևս դատապարտեց Դաշտային առաքելութեան միակողմանի անցկացումը և Մինսկի խմբի «երկդիմի» քաղաքականութիւնը:
«Եթէ իրենք մեծ ցանկութիւն ունէին հակամարտութեան առանցքում մոնիտորինգ անցկացնել, ուրեմն պէտք է սկսէին Ադրբեջանի օկուպացրած տարածքներից», - ասաց բանախօսը, ընդգծելով, որ «եթէ աչք է փակւում մէկ միլիոնանոց ադրբեջանահայ փախստականների վրայ, տարածաշրջանում խաղաղութեան հաստատումը կասկածելի կլինի»:
«Քանի դեռ մենք կանք, մեր խնդիրները կան, Ղարաբաղ ադրբեջանցի թուրքերը ոտք չեն դնի: Պարոն Ալիևը թող իզուր յոյսեր չփայփայի», - ասաց Գրիգորի Այւազեանը և աւելցրեց, որ եթէ վերադառնալու հարց է դրւում, պէտք է առաջին հերթին ադրբեջանահայ փախստականները վերադառնան:

ԱՅՍՕՐ, 13:05
Aysor.am

0 Պատգամ: