Բաքուն անհանգստացած է.
Նախիջեւանը դատարկւում է
Հոկտեմբեր 14, 2010 07:56
Նախիջեւանի ինքնավար հանրապետութիւնից վերջին տարիներին բնակչութեան մեծամասնութիւնը սկսել է արտագաղթել հիմնականում Թուրքիա եւ Ռուսաստան, եւ Ադրբեջանի կազմում մնացած Նախիջեւանի դեմոգրաֆիկ պատկերն սկսել է փոփոխութիւն կրել։ Ըստ «Նախիջեւան. պատմական եւ արդի շրջանի որոշ հիմնահարցեր» գրքի՝ Նախիջեւանում վերջին տարիներին շատացել է քրդական ազգաբնակչութիւնը, որոնք ներգաղթում են Թուրքիայի արեւելեան շրջաններից։ Նշւում է, որ այս հարցը Բաքւի մտահոգութիւնն է առաջացրել։ Գրքում հանգամանօրէն ներկայացւած է Նախիջեւանի պատմական անցեալը, էթնոքաղաքական, էթնոժողովրդագրական գործընթացները, տնտեսութիւնը ու սոցիալ-տնտեսական հարցերը, ինչպէս նաեւ անդրադարձ կայ Նախիջեւանում Իրանի աճող ազդեցութեանը։
Տեղեկացնենք, որ «Նախիջեւան. պատմական եւ արդի շրջանի որոշ հիմնահարցեր» գիրքը լոյս է ընծայել Հայաստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտութիւնների ինստիտուտը։ Ինստիտուտը միաժամանակ ներկայացրել է նաեւ «Տարածաշրջան ու աշխարհ» գիտա-վերլուծական հանդէսը։ Պարբերականի առաջին համարը լոյս է տեսել ռուսերէն լեզւով։ Խմբագրական խորհրդի անդամ Լեւոն Յովսէփեանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ հետագայ համարներում կտպագրւեն յօդւածներ հայերէն, ռուսերէն նաեւ անգլերէն։
«Հայաստանում քաղաքագիտական գիտավերլուծական հանդէսները դեռ կայացման փուլում են, բայց յոյս ունենք, որ այս հանդէսը կգտնի իր ընթերցողին»,- ասաց նա՝ աւելացնելով, որ «Տարածաշրջանն ու աշխարհը» նախատեսւած է Հայաստանցի եւ արտասահմանցի գիտավերլուծական, փորձագիտական, ինչպէս նաեւ ընթերցողների լայն շրջանակի համար։
Ըստ Յովսեփեանի՝ պարբերականի խմբագրական կոլէգիան կազմւած է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի անւանի վերլուծաբաններից եւ գիտնականներից։ Հետագայում խմբագրական կոլէգիայի կազմը մեծանալու է, եւ ներկայացուցիչներ են ընդգրկւելու նաեւ այլ երկրներից։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: