ՍԱՀՄԱՆԸ ԿԸ ԲԱՑՒԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻՒՆՔՈՒՄ
Թուրքական Անադոլու (Anadolu) լրատւական գործակալութեան հաղորդմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն յայտնել է, որ Թուրքիան ցանկութիւն ունի Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատել և Հարաւային Կովկասում յարաբերութիւնները կարգաւորել:
Դամասկոսից մեկնելիս ինքնաթիռում տւած հարցազրոյցի ժամանակ Դավութօղլուն խօսել է դիւանագիտական յարաբերութիւններ հիմնելու և սահմանների բացման մասին անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև օգոստոսի 31-ի համատեղ հաղորդագրութեանը` ասելով. Սա մի գործընթաց է, որի աւարտին ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև մի շարք սահմաններ են բացւելու:
Ըստ Անադոլու-ի` այլ սահմաններ ևս ասելով` Դավութօղլուն պարզաբանել է, որ նկատի ունի օրինակ հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է. Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորել ենք ուզում, բայց միևնոյն ժամանակ կը ցանկանայինք, որ հարավկովկասեան տարածաշրջանում կարգաւորւեն բոլոր յարաբերութիւնները` ներառեալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
Դա կապահովի կայունութիւն և խաղաղութիւն տարածաշրջանում: Կովկասը միջէթնիկական լարւածութեան և սառեցւած կոնֆլիկտների պատճառով շատ է տուժել: Դավութօղլուն նշել է, որ եթէ այդ սառեցւած հակամարտութիւնները վերահսկողութեան տակ չառնւեն, ապա դրանք նորից կը բռնկւեն. կը պայթեն ձեռքում եղած ռումբի պէս:
Դավութօղլուն յայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու գործընթացում պաշտպանելու է նաև Ադրբեջանի շահերը:
«ՊԱՆՈՐԱՄԱ»
0 Պատգամ:
Post a Comment